1690 դիտում
18:24 20-02-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում կարևորել է ջերմոցային տնտեսությունների զարգացումը
Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ:
Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Արամ Հարությունյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր և այլ պաշտոնատար անձինք:
Անդրադառնալով մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակին` նախարարը հատկապես կարևորել է վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման հարցը: 2014 թվականի օպերատիվ տվյալներով` մարզում առկա 37765.8 հեկտար վարելահողերից մշակվել է ընդամենը 17064 հեկտարը (45.2%): Վարելահողերի օգտագործման մակարդակով մարզը hանրապետությունում զբաղեցնում է նախավերջին տեղը։
«Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է ակտիվորեն օգտվել պետական աջակցության ծրագրերից, ինչը, համոզված եմ, հնարավորություն կընձեռի մարզում զգալի առաջընթաց ապահովել», – նշել է Սերգո Կարապետյանը:
Իր ելույթում նախարարը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ տարում իրականացվող պետական աջակցության ծրագրերը` ընդգծելով, որ այս տարի ևս գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն մատչելի գներով պարարտանյութեր, դիզելային վառելիք և բարձր վերարտադրության սերմացու, ինչը կնպաստի հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը:
Նախարարը նաև հայտնել է, որ երեկ կառավարությունը որոշում է ընդունել հողօգտագործողներին տրամադրվող վարկերի սուբսիդավորումը ևս երկու տոկոսային կետով ավելացնելու մասին: Արդյունքում` գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել շուկայականից անհամեմատ ցածր 8 % տոկոսադրույքով վարկեր:
Նախարարի խոսքով` վերջին տարիներին պետությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչը նույնպես մեծ նշանակություն ունի և դրականորեն է անդրադարձել մարզում գյուղատնտեսության աճի ցուցանիշների վրա: Եթե 2011 թվականի տվյալներով հանրապետության տարածքում շահագործվում էր ընդամենը 145 հեկտար տաքացվող ջերմատուն, որոնցից 1,9 հեկտարը` Կոտայքի մարզում, ապա այժմ ջերմատների ընդհանուր տարածքը 763,62 հեկտարի է հասնում, որից 42,95 հեկտարը գտնվում է Կոտայքի մարզում:
Այս կապակցությամբ նախարարը նաև հայտնեց, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է օրեսդրական փոփոխությունների մի նախագիծ, որի համաձայն ջերմոցների կոնստրուկցիաների, ջերմոցային արտադրության մեջ օգտագործվող մի շարք ռեսուրսների ինչպես ներմուծումը, այնպես էլ ներքին շրջանառությունը կազատվեն ավելացված արժեքի հարկի վճարումից:
Խոսելով անասնապահական ոլորտում մարզի վերջին տարիների հաջողությունների մասին` նախարարն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունավետությանը, որի շրջանակում ներկրվում և տարաժամկետ վճարման պայմաններով տնտեսվարող սուբյեկտներին են տրամադրվում համաշխարհային ճանաչում ունեցող կաթնատու` հոլշտին և կաթնամսատու` շվից և սիմնեթալ ցեղերի տոհմային երինջներ` դրանցից տոհմային նախիրներ ձևավորելու և տեղում սերունդ ստանալու միջոցով այդ ցեղերի վերարտադրությունը կազմակերպելու միջոցով:
Նախարարը շեշտել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների ընդլայնման կարևորությունը, ինչը թույլ կտա ոչ միայն ավելացնել գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, այլև բարձրացնել դրանց կաթնատվությունն ու մսատվությունը:
Անդրադառնալով հանրապետությունում իրականացվող «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրին` նախարարը կարևորել է նրա շրջանակներում իրականացվող անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները` ընդգծելով որ այս տարի նույնպես հանրապետության ողջ տարածքում անասնաբուժական միջոցառումները կիրականացվեն անվճար հիմունքներով:
Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Կոտայքի մարզի «Մավաս» Գրուպ ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Արմենակ Մկրտչյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:
Նմանատիպ նյութեր
2620 դիտում
13:56 24-09-2014
Արարատի մարզի Դարակերտ համայնքում այսուհետ կգործի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն
1211 դիտում
14:00 30-03-2015
Սերգո Կարապետյանը հանդիպում է ունեցել ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ
Այս բաժնից
952 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
1090 դիտում
10:40 26-11-2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
577 դիտում
10:33 26-11-2024
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին