«Ով չի սիրում իր երկիրը, ոչինչ սիրել չի կարող». զինվորական երդում` ՊԲ-ում
«Պարոնայք սպաներ, թանկագին ծնողներ, հյուրեր և սիրելի նորակոչիկներ. րոպեներ առաջ մենք բոլորս ականատեսը եղանք մի հանդիսավոր և խորհրդավոր արարողության. Հայ նորընծա զինվորն իր ծնողների, հրամանատարների և ողջ ազգի առաջ ուխտեց պաշտպանը լինելու իր հայրենիքի և երդվեց անձնվիրաբար կատարելու իր ուխտը:
Հուզիչ է բոլորիս համար այս պահը և ուրախալի: Կարծես թե ամեն մի զինվոր, արտասանելով երդման այս հանդիսավոր խոսքերը, ցանկանում է ասել իր ծնողին, իր սիրելիին և իր հայրենիքին. «Ես սիրում եմ քեզ և պատրաստ եմ ամենաթանկը տալ քեզ համար», քանի որ հայ զինվորի համար անվիճելի է այն ճշմարտությունը, թե՝ «ով չի սիրում իր երկիրը, ոչինչ սիրել չի կարող»:
Սիրելի ծնողներ, եթե մինչև այսօր դուք խնամել, դաստիարակել ու պաշտպանել եք ձեր զավակներին, ապա այսուհետ նրանք են դառնում ձեր և մեր պաշտպանը, խոստանում են ապահովել մեր խաղաղ ներկան ու հավատով նայել դեպի ապագա: Զինվորը երդման արարողության պահից սկսյալ որդեգրվում է մի նոր ընտանիքի՝ իբրև հայր ունենալով հրմանատարին և իբրև հարազատներ՝ իր ծառայակիցներին:
ՀՀ ՊՆ N Զորամասի Հոգևոր սպասավոր Գոռ սարկավագ Գյուրջյան