«Լայֆ» ծրագրով արձանագրվել է հաշմանդամություն ունեցողների հանդեպ դրական վերաբերմունք
Նախօրեին տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի նիստը: Այս անգամ ի թիվս հերթական կազմակերպչական հարցերի, ներկայացվեցին նաև «Սեյվ դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Լայֆ» ծրագրի 2012-2015 թվականների արդյունքներն ու ծրագրի հետագա ընթացքը:
Ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները: Այն խնդիր ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանները և աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք:
Քննարկման ընթացքում նշվեց, որ չնայած արդեն արձանագրվում է հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքի դրական փոփոխություն, սակայն դեռևս ամբողջական մոտեցում ցուցաբերելու կարիք կա՝ հաշմանդամությունը պատշաճ կերպով դասակարգելու ու մեծամասշտաբ մասնագիտական վերապատրաստումներ և աշխատանքին համապատասխանեցման ծառայություններ ապահովելու նպատակով: