Նախարար Աուրեսկուն բարձր է գնահատում հայ համայնքի դերը Ռումինիայի զարգացման գործում
Մյունխենում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր ռումինացի գործընկերոջ՝ Բոգդան Լուչիան Աուրեսկուի հետ:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարեւորվեց միջխորհրդարանական կապերի, առեւտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված և մշակութային գործակցության ընդլայնումը:
Նախարարները անդրադարձան հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի հերթական նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա երկրորդ կեսին՝ Բուխարեստում:
Նախարար Աուրեսկուն բարձր գնահատեց հայ համայնքի դերակատարությունը Ռումինիայի քաղաքական, տենտեսական և մշակութային զարգացման գործընթացում:
Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Աուրեսկուն անդրադարձան Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին:
Նախարար Աուրեսկուն Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Բուխարեստ, հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: