211652_close_icon
views-count1951 դիտում article-date 11:06 05-02-2015

Բերձորում տեղի ունեցածը մեր վարկանիշը վտանգող դեպք է. ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանարապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի՝ Բերձորում տեղի ունեցածն իրենց վարկանիշը վտանգող դեպք է, և որ իրենք շահագրգռված են այն բացահայտելու հարցում: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին՝ Բերձորի հատվածում, ծեծկռտուք էր տեղի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած «100-ամյակն առանց ռեժիմի» դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների եւ ԼՂՀ ոստիկանների միջեւ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանը փետրվարի 2-ին դիմել էր ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանին՝ քաղաքացիների ոտնահարված իրավունքները վերականգնելու հարցով: «Ժողովուրդ»-ը ՄԻՊ նամակի եւ կատարված միջադեպի մասին զրուցել է ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված. -Պարո՛ն Հայրապետյան, ինչպե՞ս կգնահատեք Բերձորում կատարվածը: -Այնպիսի մի վիճակ է, որ երկու, երեք, հինգ օրվա ընթացքում հանգամանքները հնարավոր չէ պարզել, եւ մեր կողմից անլուրջ կլինի, եթե այս պահին ինչ-որ գնահատական փորձեմ տալ: Սա սովորական դեպք չէ, սովորական երեույթ չէ, որ մի քանի օրում կողմնորոշվես: Այն, ինչ կախված է մեզանից, այն, ինչ իմ լիազորությունների շրջանակում կա` հարցումներ ոստիկանությանը, դատախազությանը, նյութեր ստանալ, ուսումնասիրել, մենք օրենքով իրականացնում ենք մեր աշխատանքները: Նյութեր կան, որոնք ուղարկված են քննչական մարմին՝ գործ հարուցելու կամ նյութերով որոշումներ կայացնելու համար: Հիմա այն պահը չէ, որ մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգումներով հանդես գա: Քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունները կարող են խոսել այդ մասին, իսկ ես պարտավոր եմ խոսել միայն հետեւությունների մասին, իմ կողմից կայացրած որոշումների մասին, եթե ես բացահայտել եմ մարդու իրավունքների խախտումներ, դրանց վերականգնման աշխատանքներ եմ իրականացրել: -Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այդ միջադեպի առիթով դիմել է Ձեզ, պատասխանե՞լ եք նրա նամակին: -Դեռ չեմ հասցրել պատասխանել պարոն Կարեն Անդրեասյանին, քանի որ դեռ ուսումնասիրում ենք, ինչպե՞ս կարող ենք կիսատ-պռատ նյութերով պատասխանել պաշտպանին: Նշեմ, որ մինչ Կարեն Անդրեասյանի նամակը ստանալը, մենք արդեն երկու օր աշխատում էինք տեղի ունեցած մասով: Կրկնում եմ՝ մեզ ժամանակ է պետք: -Արդյո՞ք այս միջադեպը չի անդրադառնա ԼՂՀ վարկանիշի վրա: -Հավատացեք՝ գիշեր չկա, աշխատում ենք, մեր վարկանիշին վտանգող բան է տեղի ունեցել, մենք պարտավոր ենք բացահայտել: Եթե բացահայտվի, որ իրոք տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում, իհարկե, կազդի մեր հեղինակության վրա: Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր