211652_close_icon
views-count1059 դիտում article-date 19:56 03-02-2015

Աստվածաբանական երկխոսության հանձնախմբի ժողով` Հռոմում. մասնակցել են հայ հոգեւորականները

Հունվարի 24-31-ը Հռոմում տեղի ունեցավ Կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների միջեւ Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի հերթական` 12-րդ հանդիպումը: Աստվածաբանական երկխոսության թեման վերաբերում էր Եկեղեցական խորհուրդներին` կրելով «Եկեղեցական խորհուրդների պատմական զարգացումն ու աստվածաբանությունը» խորագիրը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից միջազգային աստվածաբանական հանձնախմբին մասնակցում էին ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու եւ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պաշտոնական մամուլի եւ Հրատարակչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը: Հանձնախմբի անդամները հունվարի 25-ին մասնակցեցին նաև Հռոմի Սուրբ Պողոս տաճարում տեղի ունեցած «Քրիստոնյաների միության» աղոթքին` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի նախագահությամբ: Հունվարի 30-ին Աստվածաբանական միջազգային հանձնախմբի անդամները հյուրընկալվեցին Հռոմի քահանայապետ Ֆրանցիսկոս պապի կողմից: Քննարկումների արդյունքում ամբողջացավ ու վերջնական տեսքի բերվեց Կաթոլիկ եւ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի կողմից հրապարակվող երկրորդ փաստաթուղթը` «Հաղորդության կիրառումն ու նշանակությունը Վաղ Եկեղեցու կյանքում եւ դրա գործառույթը եկեղեցական հաղորդության այժմեական ուսումնասիրության համար» խորագրով: Ղպտի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հրավերով հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կահիրեում՝ 2016 թ. հունվարի 30-ից փետրվարի 6-ը:

Նմանատիպ նյութեր