Քննարկվել են ՀՀ կառավարության եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության զարգացման ու ընդլայնման ուղիները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը կարեւորել է համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ եւ նշել, որ բանկի հետ իրականացվող բոլոր ծրագրերը գտնվում են իր մշտական ուշադրության եւ հսկողության ներքո: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շեշտել է դոնորների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը եւ նշել, որ հստակ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ բոլոր ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար:
Իր հերթին, Կլաուս Գերհաուզերը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել Հովիկ Աբրահամյանին լիակատար փոխըմբռնման եւ փոխգործակցության համար: Պարոն Գերհաուզերը տեղեկացրել է, որ ԱԶԲ ղեկավարության միաձայն հավանությանն է արժանացել Հայաստանի հետ համագործակցության հնգամյա ծրագիրը, որը մատնանշում է երկկողմ գործակցության ուղղությունները եւ համահունչ է Հայաստանի զարգացման համար հաստատված առաջնայնություններին: Փաստաթղթով նախանշվում են քաղաքային կայուն զարգացման ծրագրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերն ու հնարավոր նախագծերը:
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին, քաղաքային կայուն զարգացման ծրագրին, դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ուղղությամբ հնարավոր գործակցությանը, համայնքային ճանապարհների վերանորոգմանը, ԱԶԲ-ի հետ համատեղ կազմակերպվելիք միջազգային ներդրումային համաժողովին, ԱԶԲ-ի կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ Կլաուս Գերհաուզերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին: Կլաուս Գերհաուզերը նշել է, որ արձանագրվող տնտեսական իրավիճակը պայմանավորված է համաշխարհային եւ գլոբալ տնտեսության մեջ ծագած խնդիրներով եւ ավելացրել, որ ԱԶԲ-ն պատրաստ է օժանդակելու ՀՀ կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու համար: