211652_close_icon
views-count898 դիտում article-date 17:38 02-02-2015

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

[b]Հարց[/b]. պարոն Քոչարյան, թուրքական կողմը անընդունելի է որակել Հայաստանի արձագանքը՝ Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումներին ՀՀ Նախագահին ուղղված հրավերին։ Ինչպե՞ս եք դա գնահատում։ [b]Շավարշ Քոչարյան[/b]. Պարզվում է, թուրքական դիվանագիտության համար ընդունելի է ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու՝ Թուրքիայի Նախագահին ուղղված ՀՀ Նախագահի հրավերին չպատասխանելով՝ հենց այդ օրը տեղափոխել Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումները և ավելին՝ հանդգնել դրանց ներկա գտնվելու՝ բոլոր բարոյական չափանիշներին հակասող հրավեր ուղարկել ՀՀ Նախագահին։ Նման պարզունակ խորամանկություններով Անկարան հերթական անհաջող փորձն է կատարում՝ քողարկելու իր անկարողությունը՝ անցյալի հետ առերեսվելու և ընդունելու պատմական ճշմարտությունը, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։ Թուրքիայի իշխանությունները նման անհեթեթ վիճակում հայտնվելուց խուսափելու համար պետք է փոխեին ոչ թե Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձի ավանդաբար նշվող օրը, այլ՝ փոխեին ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող իրենց ժխտողական մտածելակերպը։

Նմանատիպ նյութեր