73607 դիտում
17:52 26-01-2015
Կրակոցներ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում. սպանվել է 35-ամյա երիտասարդը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լիճք գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել` նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արթուր Իրիցյանի և մեկ այլ անձի միջև, ինչի հետևանքով Ա.Իրիցյանը ստացել է հրազենային վնասվածք կամ վնասվածքներ, որի հետևանքով մահացել է:
Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունը նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնում է նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Արմեն Գորոյանին, ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Մակարով տեսակի ատրճանակից:
Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: