30432 դիտում
11:52 26-01-2015
Խոշոր ավտովթար՝ «Արծվի» արձանի մոտ. Nissan Teana-ն հայտնվել է ժայռաբեկորների վրա. կա վիրավոր. ոստիկանությունը փնտրում է վթարի պատճառ դարձած վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Հասմիկ Ստամբուլյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում իր վարած Nissan Teana մակնիշի 34 ZN 001 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Արծվի» արձանի հարևանությանմբ գտնվող երկաթբետոնե արգելապատնեշին և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել ժայռաբեկորների վրա:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխովել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի մեծ թվով աշխատակիցներ՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Արմեն Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի վայր է ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Աբովյանի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Սերյոժա Մկրտչյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենան և փակել գազի բալոնի փականը, որպեսզի արտահոսք տեղի չունենա:
ՃՈ աշխատակիցները մեծ դժվարութամբ են հեռացնում հետաքրքրասեր քաղաքացիներին, ովքեր ավելի շատ խոչընդոտում են ոստիկանների, փրկարարների և քննիչների աշխատանքին, քան օգուտ տալիս:
Այդ ամենի արդյունքում տեղի ունեցավ վրաերթ. Porsche Cayenne-ի վարորդը վրաերթի ենթարկեց հետաքրքրասեր քաղացաքուն ու դիմեց փախուստի, սակայն ՃՈ աշխատակիցները, հետապնդելով «փախստական» վարորդին, 3 կմ հեռավորության վրա բռնեցին նրան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Nissan Teana-ի վթարի պատճառը եղել է այն, որ, ըստ ականատեսների, մի «ուղեղը թափած» վարորդ վթարային իրավիճակ է ստեղծել նրա համար, ինչից հետո վարորդը հավանաբար շփոթվել է, և տեղի է ունեցել վթարը, իսկ վթարային իրավիճակը ստեղծած վարորդը Սասնա հայտնի էպոսի «բոզ նապաստակի» նման դիմել է փախուստի:
Ականատեսները ֆոտոլրագրողին ասում էին նաև, որ կին վարորդին ժայռաբեկորների վրա հայտնված ավտոմեքենայի միջից դուրս է բերել պատահական մի երիտասարդ վարորդ, ով նույնպես տեսել է, թե ինչպես է սպիտակ գույնի մի ավտոմեքենա վթարային իրավիճակ ստեղծել ու դիմել փախուստի, իսկ աղջիկը փրկվել է, քանի որ կապել էր ամրագոտին և եթե այն կապած չլիներ, ապա չէր բացառվում, որ նա ավտոմեքենայից կշպրտվեր դուրս, ինչը կարող էր և ողբերգությամբ ավարտվել:
Օպերատիվ է գործել նաև Աբովյանի շտապ օգնության բրիգադը, ովքեր տեղում բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+