2401 դիտում
19:21 23-01-2015
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները մարզական հավաքների են իրենց ակումբների կազմերում
Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող գրեթե բոլոր ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և վերսկսել են մարզումներն իրենց ակումբների կազմերում:
Ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին այս օրերին Մոսկվայի «Դինամոյի» կազմում Թուրքիայի Բելեկ քաղաքում է և իր թիմի կազմում պատրաստվում է Եվրոպա Լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի բելգիական «Անդերլեխտի» հետ հանդիպումներին: Մեր ընտրանու առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել դեռևս դեկտեմբեր ամսին, արդեն վերսկսել է մարզումները Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Ազգային հավաքականի կիսապաշտպանը վնասվածքից հետո առաջին անգամ է մարզվել ընդհանուր խմբում:
Ռոբերտ Արզումանյանն իր նոր թիմի՝ Պերմի «Ամկարի» հետ նույնպես Բելեկում է: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը ղազախական «Ակտոբեից» տեղափոխվել է Պերմի «Ամկար» և այդ թիմի կազմում արդեն հասցրել է մասնակցել ղազախական երկու ակումբների՝ «Ատիրաուի» և «Օրդաբասիի» դեմ ընկերական հանդիպումներին: Արաս Օզբիլիսը, ով վնասվածք էր ստացել դեռևս մայիսին, շարունակում է վերականգնումը: Մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստն արդեն մարզվում է գնդակով և այս օրերին «Սպարտակ-2»-ի հետ կրկին Թուրքիայում է: Ազգային հավաքականի մյուս առաջատարը՝ մեր ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը Իսպանիայում է, որտեղ Մոսկվայի «Սպարտակը» անցկացնում է իր մարզական հավաքը:
Ազգային հավաքականի մյուս ֆուտբոլիստները՝ Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Արթուր Միրանյանը՝ իրենց ակումբի՝ մակեդոնական «Վարդարի» կազմում մասնակցում են մարզական հավաքի Ավստրիայում: Գևորգ Ղազարյանն առայժմ շատ խաղաժամանակ չի ստանում հունական «Օլիմպիակոսի» կազմում և մասնակցում է միայն Հունաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին: Կառլեն Մկրտչյանը միացել է իր նոր թիմին՝ ղազախական «Տոբոլին», որը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Այս օրերին «Տոբոլը» նույնպես մարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Արտակ Եդիգարյանը, ով արդեն ապաքինվել է վնասվածքից, իր ակումբի՝ «Ժալգիրիսի» կազմում այս օրերին մարզական հավաքի է մասնակցում Բրազիլիայում:
Արտյոմ Սիմոնյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» երկրորդ թիմի կազմում, փորձաշրջան է անցնում շվեյցարական «Ցյուրիխում»: Մեր ֆուտբոլիստն արդեն մասնակցել է նաև ընկերական հանդիպման: Մարկոս Պիզելլին «Ակտոբեի» կազմում մասնակցում է տարվա առաջին մարզական հավաքին, որը կավարտվի այսօր: Դրանից հետո ղազախական ակումբը կանցկացնի ևս մեկ մարզական հավաք Թուրքիայում: Էդգար Մանուչարյանն առայժմ ապաքինվում է վնասվածքից: Արթուր Սարկիսովի թիմը՝ «Վոլգան», հունվարի 19-ին, ավարտեց իր առաջին մարզական հավաքը Սոչիում:
Նմանատիպ նյութեր
1091 դիտում
13:16 12-01-2015
Արզումանյանը և Մկրտչյանը մարզվում են իրենց նոր թիմերի կազմերում
1283 դիտում
00:23 03-06-2014
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները անցկացրեցին ֆիզպատրաստության թեստեր
Այս բաժնից
2185 դիտում
23:21 21-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է եզրափակիչ գոտեմարտերին
1954 դիտում
21:55 21-11-2024
55 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը
1828 դիտում
20:41 21-11-2024
Հրայր Ալիխանյանն ու Արման Ավագյանը` բրոնզե մեդալակիր. Բանակայինների ԱԱ