211652_close_icon
views-count73961 դիտում article-date 13:44 15-01-2015

Ռուս ոճրագործ ժամկետային զինծառայողի կողմից սպանված Ավետիսյանների աճյունները տեղափոխում են գերեզմանոց. սգո թափորի երկարությունը անցնում է 1 կմ-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Գյումրի քաղաքի Սուրբ Նշան եկեղեցում ավարտվեց ռուս ժամկետային զինծառայող ոճրագործի ձեռքով սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հրաժեշտի արարողությունը: Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրաժեշտի արարողությանը մասնակցում է 20000-ից ավելի քաղաքացի: Արարողությանը ներկա էին ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից եկեղեցում հրաժեշտի արարողությունը կատարելուց հետո զոհվածների աճյունները դուրս բերվեցին և հատուկ շարասյունով տեղափոխվում են Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանոց: Սգո թափորի հետ գերեզմանոց են մեկնում նաև Գ. Սահակյանը, Ա. Երիցյանը, Գ. Կոստանյանը, Ֆ. Ցոլակյանը և մյուս պաշտոնյաները: Լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը կրկին դատապարտեց ոճրագործությունը և հույս հայտնեց, որ իշխանությունները նույնպես համամիտ են համայն հայության կոչի հետ, որ ստահակը պետք է դատապարտվի Հայաստանում, իսկ այդ ամենը լուծելու համար պատկան մարմինները հսկայական աշխատանքներ են կատարում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ժողովուրդը գերեզմանոց է գնում ոտքով, իսկ թափորի երկարությունը անցնում է 1 կիլոմետրը: Եկեղեցու մոտ էին գտնվում շտապօգնության մի քանի բրիգադներ և Գյումրիի բժիշկները, ովքեր մի քանի քաղացիների, այդ թվում՝ մահացածների հարազատների, բժշկական օգնություն ցուցաբերեցին նրանց ինքնազգացողության վատանալու պատճառով: Հուղարկավորության ժամանակ մեծ թվով մարդիկ, ովքեր երեկ մասնակցել էին ի նշան բողոքի Գյումրիում անցկացված ակցիային, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեր բողոքի ակցիան ոչ թե ռուս ժողովրդի դեմ է, այլ մենք պահանջում ենք, որպեսզի մի ամբողջ ընտանիքի ոչնչացրած ռուս պայմանագրային զինծառայող ստահակը քրեական պատասխանատվության ենթարկվի Հայաստանի Հանրապետության օրենքներով, նրա դատաքննությունը տեղի ունենա Հայաստանի դատարաններից որևիցե մեկում՝ բաց և թափանցիկ, և ամենագլխավոր պահանջներից մեկն էլ այն է, որ դատավճռի հրապարակումից հետո նա իր պատիժը կրի Հայաստանում: Իսկ երեկվա՝ որոշ մարդկանց սուտ հրապարակումները, թե ցուցարարները դեմ են ռուս ժողովրդին, որպեսզի նրանք լքեն Գյումրին, այդ ամենը կեղծ տեղեկություններ են և որոշ մարդկանց զառանցանքներ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր