211652_close_icon
views-count994 դիտում article-date 17:29 30-12-2014

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Թանկագին հայրենակիցներ Արցախի Ազգային ժողովի եւ իմ անունից շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում խաղաղություն, ստեղծագործ աշխատանք եւ բարեկեցություն: 2014 թվականը մեզ համար նշանավորվեց որպես Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում զինադադարի հաստատման քսանամյակի տարի, բայց, ցավոք, այն մեզ չմոտեցրեց վերջնական խաղաղության: Ավելին, անցնող տարին թերեւս ամենալարվածն էր զորքերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին` հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական եւ այլ սադրանքների առումով: Մենք ունեցանք մարդկային թանկ զոհեր, ավելի մեծ էին Ադրբեջանի կորուստները: ԼՂՀ Պաշտպանության բանակը գտնվեց իր բարձրության վրա՝ կարողանալով եւս մեկ անգամ հակառակորդին թելադրել մեր կամքը: Դա եղել եւ շարունակում է մնալ մեր հայրենիքում խաղաղ եւ ինքիշխան ապրելու կամք, արժեք, որը սակարկման ենթակա չէ: Անցնող տարին բարդ էր նաեւ միջազգային առումով: Մեր տարածաշրջանում ու նրանից դուրս տեղի են ունենում տարաբնույթ զարգացումներ, որոնց մեծ մասը նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են պարունակում մեր ազգային-պետական շահերի համար: Անկախ այդ դժվարություններից, մեր երկիրն անցնող տարում շարունակական լուրջ ջանքեր է ներդրել սոցիալ-տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ: Պետությունն, այսպիսով, կատարում է իր սահմանադրական հանձնառությունները: Թանկագին հայրենակիցներ, մենք գիտենք, որ առօրյա կյանքում առկա են շատ դժվարություններ, կան հարցեր, որոնց լուծումը տարիներով ուշանում է: Բայց դրանք առկա են ամենուր: Դժվարությունները մերն են, ինչպես որ մերն են Արցախյան պատերազմի հաղթանակները, մեր երկրի ազատությունը եւ ինքնիշխանությունը: Առաջիկա մայիսին նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կձեւավորվի վեցերորդ գումարման ու արդեն մշտական գործող Ազգային ժողովը: Այդ հնարավորությունը մեզ պետք է ոչ թե բաժանի քաղաքական ճամբարների, այլ, ընդհակառակը՝ միավորի ուժերը: Միայն երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ բարձր պատասխանատվությամբ է, որ մենք կարող ենք դրսեւորվել որպես առանձին քաղաքական ուժեր եւ անհատներ: Լիահույս եմ, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ եւ արդար, եւ մենք աշխարհին կներկայանանք որպես արդեն կայացած ժողովրդավարական երկիր: 2015-ը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին է: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրության մեջ է մեր հավաքական պատասխանը նրանց, ովքեր փորձեցին համաշխարհային քաղաքակրթությունից եւ քաղաքականությունից վերացնել հայ ազգային ինքնությունը: Մենք հաղթահարեցինք անցած դարասկզբի այդ ծանր փորձությունը, իսկ դարավերջին հաղթեցինք: Հաղթեցինք, քանի որ անկախ պետություն ստեղծեցինք: Եւ պիտի զորացնենք մեր հայրենիքը: Այս վստահությամբ եւ հավատով վերստին ջերմ մաղթանքներ եմ հղում երկրի սահմանները հսկող զինվորականությանը, հայ ժողովրդին՝ Արցախում, Մայր Հայրենիքում եւ ի սփյուռս աշխարհի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Նմանատիպ նյութեր