Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Թանկագին մայրեր,
Մեծագույն սիրով ու խոնարհումով շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Աստվածամոր ավետման տոնը մեր օրացույց է մտել՝ ի իմաստավորումն մեր կյանքում երկու կարևոր արժեքների՝ մայրության և գեղեցկության: Մայրն է, որ իր էությամբ կերտում է գեղեցիկը՝ սերունդների մեջ դաստիարակելով բարություն և սեր՝ շրջապատի, հայրենիքի և աշխարհի նկատմամբ: Միևնույն ժամանակ մոր կերպարն է, որ յուրաքանչյուր զավակի համար բյուրեղացնում է գեղեցիկի ընկալումը:
Հայ կանանց և մայրերի կարևոր դերը ընտանիքում և ընդգծված մասնակցությունը երկրի զարգացմանն այսօր էլ պահանջված են ու կենսական: Անհերքելի է, որ ձեր ներկայությամբ և ազդեցությամբ ուժեղացնում եք մեր ընտանիքները և որակական բարձր մակարդակ հաղորդում հանրային կյանքին:
Հատկանշական է, որ այս տարի ապրիլի 7-ը արցախցիներիս և ողջ հայության համար արժևորվում է ևս մեկ կարևոր իրադարձությամբ՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բացմամբ:
Գարնանային ծաղկունքի և կյանքի սկիզբն ազդարարող խորհրդով այս տոնին մաղթում եմ, որ այն ջերմությունն ու սերը, որ տալիս եք ձեր շրջապատին, լինի անսպառ և մշտապես վերադառնա ձեզ:
[b]Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյան[/b]