211652_close_icon
views-count892 դիտում article-date 20:20 28-12-2014

Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի 2014 թ. լավագույն մարզիչ

Այս պահին ընթանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2014 թվականի Մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն, որին մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, Հայաստանի ֆուտբոլային ակումբների, ֆուտբոլային հանրության, մեդիայի ներկայացուցիչներ, հյուրեր: Քիչ առաջ հայտնի դարձավ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթողի անունը: Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամ, 2014 թվականին Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, այժմ Հայաստանի երիտասարդական հավաքականի և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, հավաքելով 154 միավոր և 82 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղից, արժանացավ տարվա լավագույն մարզչի մրցանակին: Սա մեր լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանի մարզչական առաջին նվաճումն է: «Տարվա լավագույն մարզիչը պարգեւատրվեց մրցանակով, հատուկ դիպլոմով եւ 2 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգեւով: Սարգիս Հովսեփյանը հարգելի բացակայությամբ ներկա չէր երեկոյին և մրցանակը 2014 թվականի լավագույն մարզչին կհանձնվի ավելի ուշ: Երկրորդ տեղում է Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը, որը հավաքել է 72 միավոր: Երրորդ տեղում Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն է, որը հավաքել է 64 միավոր: 2014 թվականին ևս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բաց, հրապարակային, բոլորին հասանելի եւ հստակ կանոնակարգված գործընթացով անցկացրեց քվեարկությունը «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում: 2014-ի փակ գաղտնի քվեարկությանն է ներկայացվել 15 մարզչի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 54 մարդ: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները եւ Մեդիայի ներկայացուցիչները: Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով: Տարվա լավագույնների անունները հայտնի են դառնում միայն ՀՖՖ մրցանակաբաշության հանդիսավոր երեկոյի ընթացքում: Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/Coach2014.pdf]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր