725 դիտում
11:38 25-12-2014
Կայացել է Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի 2014 թ-ի ամփոփիչ նիստը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի 2014 թվականի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդի կազմում ընդգրկված ոլորտի հասարակական կազմակերպությունների նախագահներն ու անդամները:
Նիստը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նախ շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին ընթացիկ տարում կատարած ծավալուն աշխատանքի համար: Այնուհետ ներկայացվել են քաղաքապետարանի կողմից 2014 թվականի ընթացքում առողջապահության, սոցիալական և սպորտի բնագավառում կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ամփոփ հաշվետվությունները: Ըստ այդմ, առողջապահական ծրագրերի իրականացման համար 2014թ. համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 146 միլիոն դրամ, որը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Քաղաքապետարանի ենթակայության մի քանի բուժհաստատություններում իրականացվել են նորոգման և ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքներ, ձեռք են բերվել 14 անուն ժամանակակից բուժսարքավորումներ: Թվով 214 երևանցիների մատուցվել է համակարգչային տոմոգրաֆիայի անվճար ծառայություն: Ավանդական դարձած «Ձեզ համար, կանայք» և «Երևանյան ամառ» խորագրով առողջապահական ակցիաների շրջանակում դարձյալ անվճար հիմունքներով բուժօգնություն է ստացել 27517 քաղաքացի: Հաշվետվության համաձայն, շուրջ 72 միլիոն դրամի նոր սարքավորումներ էլ ձեռք կբերվեն 2015 թվականին: Ինչպես առողջապահության, այնպես էլ սոցիալական բնագավառներում իրականացված ծրագրերի առումով տարին աննախադեպ է եղել: Սոցիալական բնագավառում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, առաջնահերթության կարգով ներառվել են հատուկ կարիքներով անձինք և նրանց ընտանիքները, ցուցաբերվել է նյութական, պարենային և այլ տեսակի աջակցություն: Միայն անապահովության գնահատման համակարգում պետական նպաստներ են տրամադրվել 17896 ընտանիքի: Սոցիալական այս կամ այն ծրագրում ընդգրկվել է շուրջ 100000 ընտանիք: Հաշմանդամներին ուղղված սոցիալական նախաձեռնություններից էր Երևանի ավագանու որոշմամբ հաշմանդամների ու նրանց հավասարեցված անձանց ավտոկայանատեղիների տեղական տուրքերի վճարումից ազատելը:
Դրան զուգահեռ, ավտոկայանատեղիներում տարածքներ են առանձնացվել հաշմանդամների տրանսպորտային միջոցների կայանման համար: Ծրագրային կարևորագույն բաղադրիչներից էր ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ զորամասերում ծնողների կողմից զինծառայողների տեսակցության ակցիան, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական նախաձեռնությունն է: Շարունակվել է մայրաքաղաքի փողոցներն ու հասարակական նշանակության վայրերը թեքահարթակներով համալրելու ծրագիրը:
Ըստ այդմ, կառուցվել է 671 թեքահարթակ, որոնց գրեթե կեսը` հիմնանորոգված 25 փողոցներում: Շուրջ 300 թեքահարթակ էլ քաղաքապետարանի նախագծերով տեղադրել են մասնավոր ընկերությունները: Բացի այդ, մինչև տարեվերջ հատուկ վերելակներ կտեղադրվեն տարբեր երթուղիների թվով 10 ավտոբուսներում, ևս 10-ը` հաջորդ տարի: Խորհրդի նիստի ընթացքում ՀԿ-ների ղեկավարները հանդես են եկել նաև նոր առաջարկներով, որոնք խորհրդի անդամների կողմից ընդունվել են ի գիտություն: «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին` երևանաբնակ 17 միայնակ մայրերի` մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխաներին եռափուլ վերականգնողական բուժում ապահովելու համար: 2014 թվականին չափազանց հարուստ էր նաև մայրաքաղաքի մարզական առօրյան:
Տարին մեկնարկել է համահայկական առաջին ձմեռային խաղերով: Այնուհետ Քաթարի մայրաքաղաք Դոհայում կազմակերպված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից երեք ոսկե և մեկ արծաթե մեդալով են վերադարձել երևանցի մարմնամարզիկները: Այս մարզաձևում շուրջ 20 տարի Հայաստանը պատվո եռյակում ներկայացուցիչ չէր ունեցել:
Երևանցի մարզիկները հարուստ ձեռքբերումներ են ունեցել նաև «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթում, իսկ « Լավագույն մարզական բակ» հանրապետական մրցույթում առաջին և երրորդ տեղերը զբաղեցրել են Նոր Նորք և Ավան վարչական շրջանների համապատասխան բակերը: Հատկանշվել են նաև Երևան-Ստեփանակերտ մարզաառողջարարական արշավը, Երևան –Մոսկվա պատանեկան խաղերը և բազմաթիվ այլ մարզական միջոցառումներ: 2014 թվականին շահագործման են հանձնվել ևս հինգ վարչական շրջանների շախմատի դպրոցների համար նախատեսված տարածքները: Նիստի ավարտին Երևանի քաղաքապետի տեղակալը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է ներկաներին գալիք տոների առիթով և վստահեցրել, որ 2015 թվականին ևս կշարունակվեն և կընդլայնվեն վերը նշված բոլոր ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
913 դիտում
16:45 25-12-2015
Կայացել է Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի տարվա ամփոփիչ նիստը
2552 դիտում
17:54 18-09-2018
Կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
613 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
496 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
727 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am