Մալազիայում ջրհեղեղի հետևանքով 80 հազար մարդ է տարհանվել
Մի քանի օր է, ինչ Մալազիայի հյուսիսում և արևելքում ուժեղ փոթորկի հետևանքով ջրհեղեղ է: Ներկայում մոտ 80.000 մարդ ստիպված է եղել լքել իրենց բնակավայրերը:
Մալազիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակը հայտարարել է, որ անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցները կիրառել բնակչության անվտանգ տարհանման և տուժածներին անհրաժեշտ օգնության ցուցաբերման համար:
Ի դեպ, ամենաշատը տուժել է Կելանտան նահանգը: Գետերի ջրերը ափերից դուրս են եկել: Ճանապարհներն ու երկաթուղային ուղիները փակ են:
Իշխանությունները հայտնել են, որ փոթորիկը վերջին 10 տարվա ընթացքում ամենաուժգինն էր և ամենածանր հետևանքներով լի: