Մշակութային միջոցառում՝ Քուվեյթում
Դեկտեմբերի 22-ին Քուվեյթի արվեստների, մշակույթի և նամակագրության Ազգային խորհրդի և Քուվեյթում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով «Ահմադ Ալ-Ադվանի» սրահում մեկնարկեց հայ անվանի նկարչուհի Մարո Սարգսյանի անհատական ցուցահանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Քուվեյթի արվեստների, մշակույթի և նամակագրության Ազգային խորհրդի անձնակազմը` գլխավոր քարտուղար Ալի Ալյուհայի գլխավորությամբ, քուվեյթցի արվեստագետներ և մշակութային գործիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, զանգվածային լրատվամիջոցների, Քուվեյթի պետական հեռուստատեսության և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Բացման խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, կարևորելով մշակութային համագործակցության խթանումն ու ընդլայնումը Հայաստանի և Քուվեյթի միջև, ընդգծեց մշակույթի անփոխարինելի դերը երկու ժողովուրդների` միմյանց մշակութային ժառանգության ճանաչման և բարեկամության ամրապնդման գործում:
Ցուցահանդեսին ներկայացված ավելի քան 40 բազմաժանր կտավները, յուրահատուկ գունագեղության կիրառման և արտահայտչականության ազգային ընկալման համադրմամբ, ներկաներին փոխանցեցին հայ նկարչական արվեստի գաղտնիքներն ու ավանդույթները:
Ցուցահանդեսը լայնորեն լուսաբանվեց քուվեյթյան մի շարք լրատվամիջոցների, այդ թվում «Ալ-Անբա», «Ալ-Սիյասա», «Ալ-Վատան», «Ալ-Ռայ» պարբերականների կողմից:
Մարո Սարգսյանը ՀՀ նկարիչների միության և Փարիզի նկարիչների Ասոցիացիայի անդամ է, անհատական ցուցահանդեսներով բազմիցս հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, եվրոպական տարբեր մայրաքաղաքներում: