747 դիտում
13:15 22-12-2014
Նոտարական գրասենյակից որևէ քաղաքացի չպետք է դժգոհ կամ անպատասխան հեռանա. Հովհաննես Մանուկյան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը դեկտեմբերի 21-ին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին: Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը ողջունել է բոլորին և ներկայացրել ՀՀ նոտարական պալատի 2014 թվականի գործունեության հաշվետվությունը, պալատի անդամների գործունեության կազմակերպման և համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նոտարական գործողությունների միասնական պրակտիկայի ապահովման նպատակով ձեռնարկված միջոցառումները:
Հասմիկ Հարությունյանը կարևորել է միջազգային նոտարական կառույցների հետ համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, www.notarius.am նոր կայքի գործարկումը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված առաջարկների մշակումը և այլն:
«Մեր որդեգրած քաղաքականությունը ոլորտի զարգացման առումով պահանջում է էլ ավելի մեծ ջանքեր և նվիրվածություն: Հաշվի առնելով, որ համակարգը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության՝ ի դեմս նախարարի, փոխնախարարների և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում, գիտակցում ենք, որ այժմ, քան երբևէ, մենք ունենք ծանրակշիռ օժանդակություն՝ ուղղված ՀՀ նոտարական համակարգի զարգացմանը, դրա դերի և հեղինակության էլ ավելի բարձրացմանը: Այս ամենը մեզ պարտավորեցնում է լինել առավել աչալուրջ, խորությամբ ուսումնասիրել առկա խնդիրները և համակարգային լուծումներ առաջարկել դրանց վերաբերյալ»,- նշել է Նոտարական պալատի նախագահը և ընդգծել, որ համակարգի աշխատանքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները շարունակական են լինելու:
Արդարադատության նախարարը ողջունել է հանրապետությունում գործող բոլոր նոտարներին և նշել, որ Նախարարության գերնպատակը նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի էլ ավելի բարձրացումն ու դրանց վերաբերյալ բնակչության դրական գնահատանքին արժանանալն է:
«Նոտարը պետության կողմից պատվիրակված ծառայություններ է մատուցում: Դա ձեզ ավելի է պարտավորեցնում ծառայել մարդկանց ազնվությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով: Դուք պետք է ձեր վարքով, ամենօրյա աշխատանքով վստահություն ձևավորեք նոտարական ամբողջ համակարգի նկատմամբ»,- ասել է Արդարադատության նախարարը: Նա կարևորագույն խնդիր է համարել նաև նոտարական էթիկային վերաբերող հիմնահարցերը և ընդգծել էթիկական վերահսկողության արդյունավետ համակարգի ներդրման կարևորությունը:
«Նոտարական գրասենյակից որևէ քաղաքացի չպետք է դժգոհ կամ անպատասխան հեռանա»,- նշել է Հովհաննես Մանուկյանն ու, հնարավորությունն օգտագործելով, շնորհավորել բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն անդրադարձել է Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրման աշխատանքներին և հույս հայտնել, որ 2015 թվականին համակարգն արդեն ամբողջությամբ կգործի Հայաստանի բոլոր նոտարական գրասենյակներում՝ բացառելով թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունն ու ապահովելով սպասարկման բարձր որակ: «2015 թվականը որակապես այլ համակարգ է ենթադրելու:
Փոխվում է ժամանակը, հետևաբար, պետք է փոխվի նաև նոտարի կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ ի նպաստ իրավունքների առավել արդյունավետ իրականացմանը»,- նշել է նախարարի առաջին տեղակալը: Նրա խոսքով՝ 2015 թվականից նոտարներն իրականացնելու են նաև ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակների գործառույթները: «Արդյունքում, 2015 թվականին անձը, այցելելով նոտարական գրասենյակ, կկարողանա իր ողջ գործարքներն իրականացնել նույն գրասենյակում՝ ստանալով սեփականության իրավունքի պետական վկայական»,- ընդգծել է Արսեն Մկրտչյանը:
Նոտարական պալատի ամենամյա ժողովին ներկայացվել են նաև Պալատի՝ 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունը, «Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով» հանձնաժողովի և Պալատի վարչության կատարած աշխատանքների հաշվետվությունները:
Նմանատիպ նյութեր
1144 դիտում
14:16 03-07-2015
Տնից և նոտարական գրասենյակից գողություններ կատարողին հայտնաբերեցին
2718 դիտում
23:34 01-03-2021
Զինված ուժերին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել. Տիգրան Աբրահամյան
1226 դիտում
09:13 23-04-2021
Ռազմական հանցագործություններն անպատասխան չպետք է մնան․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
10495 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am