211652_close_icon
views-count2539 դիտում article-date 12:29 01-03-2025

Ոչ մի քաղաքացի, ընտանիք կամ համայնք չպետք է մնա անպատրաստ կամ անպաշտպան՝ անկախ իրավիճակի բարդությունից և ծանրությունից․ Կամո Ցուցուլյան

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛  գործընկերներ,

Շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ: Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է, որն ամփոփում է քաղաքացիական պաշտպանության կարևորությունը՝ որպես մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման հիմնարար միջոց։

Քաղաքացիական պաշտպանությունը բնակչության անվտանգության կազմակերպման ամենակարևոր և մարտունակ համակարգերից մեկն է։ Այն ընդգրկում է ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակահատվածներում հասարակության բոլոր խավերի և քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման մարդասիրական գործընթացը։

Այսօր, երբ նշում ենք Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, մենք միանում ենք համաշխարհային ջանքերին՝ շարունակելով ուժեղացնել մեր երկրի պաշտպանունակությունն ու պատրաստակամությունը՝ պատրաստ լինելով դիմակայելու ցանկացած սպառնալիքի։ Այս օրը նաև անդրադարձ է կատարում մեր երկրի անվտանգության ապահովման գործում փրկարար ուժերի անխափան աշխատանքի և բարձր պատրաստվածության կարևորությանը։

Շնորհակալություն և բարձր գնահատանք եմ հայտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ իրենց անփոխարինելի ջանքերի համար, որոնք ուղղված են մեր բնակչության պաշտպանության կազմակերպմանը և անվտանգության ապահովմանը։

ՆԳՆ փրկարար ծառայությունը մեծ ուշադրություն է դարձնում քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացմանը՝ մշտապես ապահովելով փրկարար ուժերի բարձր պատրաստվածությունը՝ ինչպես ցանկացած արտակարգ իրավիճակի ժամանակ, այնպես էլ զինված հակամարտությունների դեպքում։

Օրվա խորհրդին համահունչ, մեր կարգախոսն է՝ ոչ մի քաղաքացի, ընտանիք կամ համայնք չպետք է մնա անպատրաստ կամ անպաշտպան՝ անկախ իրավիճակի բարդությունից և ծանրությունից։ Մենք ձգտում ենք ապահովել մեր քաղաքացիների պաշտպանության բարձր մակարդակը՝ ուշադրություն դարձնելով բնակչության ուսուցմանը և իրազեկվածության բարձրացմանը, կանխարգելիչ միջոցառումների իրականացմանն ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովմանը։

Սիրելի՛ հայրենակիցներ, միայն համատեղ ու համախմբված աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք ստեղծել այն ներուժը, որը պատրաստ կլինի հակազդելու ցանկացած սպառնալիքի։ Բոլորիս պատրաստվածությունը, իրազեկվածությունը և քաջությունը մեր անվտանգությունը դարձնում են անառիկ։

Շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ և վստահություն հայտնում, որ մենք շարունակելու ենք աշխատել բարձր պատասխանատվությամբ՝ ապահովելու մեր բնակչության անվտանգությունը և դիմակայելու ցանկացած մարտահրավերի»։

Նմանատիպ նյութեր