211652_close_icon
views-count1263 դիտում article-date 20:01 20-12-2014

Մաքսային բրոքերների գործունեությունը կապահովագրվի

Դետեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում մաքսային ծառայության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ` այս տարվա մայիսին ընդունված «ՀՀ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանված փոփոխությունները քննարկելու նպատակով: Ըստ այդմ, սահմանվում է, որ մաքսային միջնորդը պարտավոր է ունենալ բանկային կամ վարկային կազմակերպության տրամադրած` մաքսային միջնորդի գործունեության արդյունքում առաջացած մաքսային վճարների, տույժերի և տուգանքների վճարման երաշխիք կամ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ծածկույթ` 2015 թվականի համար առնվազն 150 մլն դրամի չափով և 300 մլն դրամի չափով` 2016-ի հունվարի 1-ից հետո յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացվող գործունեության համար: «Այս գործելաոճի կիրառումը համաշխարհային պրակտիկայում տվել է դրական արդյունքներ, քանի որ տվյալ մեխանիզմի ներդրմամբ միջնորդի անփույթ կամ դիտավորյալ կերպով թույլ տված սխալի արդյունքում չեն տուժի ո´չ պետությունը, ո´չ բրոքերի հետ համագործակցող տնտեսվարողը»,-իրազեկում է ՀՀ ՖՆ Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Օրենսդրական փոփոխությունը դրական է գնահատում նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Հարություն Գևորգյանը. «Ապահովագրության պայմանագիրը թե´ մաքսային միջնորդին, թե´ մաքսային մարմնին, թե´ տնտեսվարողին առաջին հերթին կտա երաշխիք, որ բրոքերի բացքողումների հետևանքով առաջացած լրացուցիչ պարտավորությունները կհատուցի ապահովագրական ընկերությունը, և տուժող օբյեկտը հատուցում կստանա»: Նշենք, որ բրոքերների ինստիտուտը աշխարհի զարգացած պետություններում կիրառվող միջազգային առաջադեմ համակարգ է, որը Հայաստանում սկսել է գործել 2008-ից: Մինչ հայտարարագրման գործընթացում բրոքերներին ակտիվորեն ներգրավելը` հայտարարատուներն այդ գործառույթն իրականացնում էին դժվարությամբ, ինչի արդյունքում առաջանում էին կուտակումներ: Եվ եթե սկզբնական փուլում տնտեսվարողները դեռևս լիովին պատրաստ չէին դիմելու բրոքերների օգնությանը, ապա այժմ առանց բրոքերների ինստիտուտի դժվար է պատկերացնել մաքսազերծման գործընթացը: Նոր օրենքը կգործի հունվարի 1-ից:

Նմանատիպ նյութեր