211652_close_icon
views-count1592 դիտում article-date 18:56 18-12-2014

Գործարարները ցանկություն են հայտնել աշխատել Չինարիում եւ Այգեձորում. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հերթական աշխատանքային այցով մարզի Չինարի և Այգեձոր համայնքներում էր: Երկու համայնքում էլ մարզպետը հանդիպում ունեցավ բնակչության հետ, լսեց նրանց մտահոգող խնդիրները: Հիմնական հարցը, որ բարձրացնում էին բնակիչները, աշխատատեղերի բացակայությունն է: Նրանք գտնում են, որ փոքրիկ արտադրություններ հիմնելը նման համայնքներում զբաղվածության խնդիրը որոշակիորեն կլուծի: Մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ ՀՀ կառավարության վերջին շրջանում ընդունած որոշումները միտված են հենց այդ խնդրի լուծմանը: Նա հայտնեց, որ հանրապետությունում 31 սահմանամերձ համայնքների հարկային արտոնություններ են տրվել, որոնցից 22-ը Տավուշի մարզում են: Եվ Չինարին, և Այգեձորն այդ ցանկում են: Ու արդեն կան գործարարներ, ովքեր ցանկություն են հայտնել աշխատելու նման համայնքներում: Չինարիում մարզպետ Հովիկ Աբովյանը այցելեց նաև դպրոց, որտեղ ավարտվել էին պաշտպանության նպատակով պատուհանների վերատեղադրման աշխատանքները: Մարզպետը շրջեց դասասենյակներում, զրուցեց ուսուցիչների ու աշակերտների հետ, շեշտեց, որ ցանկացած մտահոգող հարցի դեպքում կարող են անմիջապես դիմել իրեն: Այնուհետև մարզպետը եղավ Չինարիի մանկապարտեզում: Այստեղ էլ ավարտվել էր պաշտպանիչ պատի կառուցումը, և այժմ մանկապարտեզը որոշակի չափով ապահովագրված է հակառակորդի կրակոցներից: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր