211652_close_icon
views-count783 դիտում article-date 18:06 15-12-2014

Մեկնարկեց «Հարևաններ. հայացք Հայաստանից՝ վերլուծելով 2014-ը» եռօրյա գիտաժողովի առաջին օրը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ամերիկայի հայկական համագումարի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոն» հիմնադրամի կողմից եւ Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի ու ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ կազմակերպված «Հարեւաններ. հայացք Հայաստանից՝ վերլուծելով 2014-ը» եռօրյա գիտաժողովի առաջին օրվա հանդիպումը, որի առանցքը հայ – ադրբեջանական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն էին: Թեմայի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան քաղաքագետ Աննա Կարապետյանը (Խաղաղ կարգավորման գործընթացը 2014 թվականի իրադարձությունների համատեքստում), քաղաքագետ Արմեն Մինասյանը (Արցախյան հիմնահարցի շուրջ 2014թ. իրադարձությունների ընդհանուր վերլուծություն) տարածաշրջանային քաղաքականության հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան (Արցախյան հիմնահարցի տեղեկատվական ասպեկտը 2014 թվականի իրադարձությունների համատեքստում): Մասնավորապես, Աննա Կարապետյանը իր խոսքում նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից 2014-ը կարելի է համարել «չիրականացված սպասելիքների տարի», քանի որ բանակցային գործընթացում չկան էական ձեռքբերումներ, ավելին, տարին լի էր հակամարտության էսկալացիայի տարբեր դրսեւորումներով (պարբերական դիվերսիաներ, հուլիս – օգոստոսյան սրացում, նոյեմբերի 12-ին ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի խոցում եւ այլն): Ա. Կարապետյանը նշեց նաեւ, որ էսկալացիայի թուլացման համար շոշափելի դերակատարում ունեցան ՌԴ նախագահ Վ. Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերրիի նախաձեռնությամբ կազմակերպված 3 հանդիպումները նախագահներ Սարգսյանի ու Ալիեւի միջեւ: Այնուամենայնիվ, նոյեմբերյան իրադարձություններից հետո զգալի է վստահության հսկայական անկում, ինչի վառ դրսեւորումը ԵԱՀԿ նախարարների խորհրդում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների չհանդիպելն էր, ինչը փաստում է, որ խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլում կողմերի միջեւ անմիջական հանդիպումների կազմակերպումը բավական բարդացել է: Աննա Կարապետյանը նշեց, որ 2015 թվականին գործընթացի զարգացումների հետ կապված իր կանխատեսումները լավատեսական չեն. Ադրբեջանի տարաբնույթ գործոնների ազդեցության տակ գալիք տարում կշարունակի լարված պահել իրավիճակը հակամարտող ուժերի շփման գոտում: Քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Մինասյանը, իր հերթին, նկատեց, որ, այնուամենայնիվ, բանակցային գործընթացը արդյունք տալիս է՝ ի նկատի ունենալով, որ տարածաշրջանում թեկուզեւ փխրուն, բայց խաղաղությունը պահպանվում է՝ չնայած սուր էսկալացիոն դրսեւորումներին: Ա. Մինասյանը նկատեց, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաշխարհային հանրույթի անդամ են, հետեւաբար կրում են գլոբալ գործընթացներից եկող բոլոր ազդակների ազդեցությունը: Մանրակրկիտ անդրադառնալով այդ ազդակներից յուրաքանչյուրին (Ռուսաստան – Արեւմուտք փոխհարաբերություններ, Էներգակիրների շուկայի կոնյուկտուրայի տրանսֆորմացիաներ, ինտեգրացիոն գործընթացներ, տարածաշրջանային հաղորդակցության նախագծեր, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումներ եւ այլն)՝ Մինասյանը նշեց, որ չնայած վատատեսական կանխատեսումներին, այնուամենայնիվ եռանախագահող երկրների միջեւ առկա է կոնսենսուս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, այն է՝ իրենց համար ընդունելի է ցանկացած լուծում, որին կհանգեն հակամարտող կողմերը եւ որ եռանախագահողների կողմից ճնշումներ չեն գործադրվելու կողմերից եւ ոչ մեկի վրա: Ուստիեւ, հակամարտության շփման գծում պարբերական սրացումները պատճառն են այն բոլոր ազդակների նկատմամբ Ադրբեջանի ռեֆլեքսների, քանի որ Ադրբեջանում այսօր, ցավոք սրտի, «ամենավաճառվող ապրանքը» հակահայկականությունն է, ուստի տարբեր խնդիրներ շրջանցելու նպատակով պաշտոնական Բաքուն հաճախ սրում է իրավիճակը՝ հասարակությանը շեղելով այլ Տարածաշրջանային քաղաքականության հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան իր խոսքում նշեց, որ շատ հաճախ առկա իրողությունները տարբերվում են նրանից, ինչը ներկայացվում է մեդիադաշտում:

Նմանատիպ նյութեր