Դեկտեմբերի 15-ը Ս. Իգնատիոս հայրապետի և Ս. Մարութա եպիսկոպոսի հիշատակության օրն է
Դեկտեմբերի 15-ը Հայ առաքելական եկեղեցին նշում է որպես Ս. Իգնատիոս, Ս. Ադդե հայրապետների և Ս. Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր:
Ս. Իգնատիոս Անտիոքցին կոչվել է նաև «Աստվածազգյաց», քանզի ըստ ավանդության՝ նա այն երջանիկ մանուկն էր, ում Հիսուս Քրիստոս գրկեց և իր առաքյալներին պատգամեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18:3):
Եղել է Ս. Պետրոս և Ս. Հովհաննես առաքյալների աշակերտը, ինչպես նաև Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը և մեծ հեղինակություն վայելել Արևելքում:
Տրայանոս կայսեր հրահրած քրիստոնեական հալածանքների ժամանակ ձերբակալվել է և հռոմեական զինվորների ուղեկցությամբ տարվել Հռոմ, ուր նահատակվել է մոտ 113-117 թվականներին՝ ինքնակամ նետվելով առյուծների առաջ:
Գրել է բազմաթիվ նամակներ` ուղղված քրիստոնեական տարբեր համայնքների, որոնցից յոթն են պահպանվել:
Ս. Ադդե Հայրապետը (1-ին դար) եղել է Եդեսիայի եպիսկոպոսը, ձեռնադրվել է Ս. Թադեոս առաքյալի կողմից:
Նահատակվել է հեթանոս թագավորի հրամանով 1-ին դարի 2-րդ քառորդում:
Ս. Մարութան եղել է Չորրորդ Հայքի Նփրկերտ քաղաքի եպիսկոպոսը: Նրա հայրն ասորի էր, մայրը` հայ: Մեծ հեղինակություն է վայելել Պարսկաստանում և Բյուզանդիայում: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերաժողովին:
Իբրև Թեոդոս կայսեր բանագնաց երկու անգամ գնացել է պարսից Հազկերտ արքայի մոտ` քրիստոնյաների դեմ հալածանքները դադարացնելու համար: Վախճանվել է 422 թվականին: