211652_close_icon
views-count689 դիտում article-date 20:55 12-12-2014

ՍԾՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 31-րդ հանդիպումը՝ Հունաստանում

Դեկտեմբերի 12-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 31-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվեցին ՍԾՏՀԿ-ում Հունաստանի 6-ամսյա նախագահության արդյունքները: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարության Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, ով նշեց, որ անցած կես տարվա ընթացքում Հայաստանը ջանքեր է գործադրել տարբեր բնագավառներում տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցության խթանման, կազմակերպության ծրագրային օրակարգի իրականացման, ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական շահերի առաջ մղման ուղղությամբ: Կարևորվեց նաև կազմակերպության արդյունավետության բարելավման անհրաժեշտությունը: Որպես կազմակերպության շրջանակում համագործակցության լավագույն օրինակներից մեկը նշվեց` ՍԾՏՀԿ Նախագծերի կառավարման նորաստեղծ մարմնի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա ստեղծելու վերաբերյալ խոշոր ենթակառուվածքային նախագիծը: Նշվեց, որ ՍԾՏՀ-ն բացառապես տնտեսական ուղղվածության կազմակերպություն է, և դատապարտվեցին Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներն ու կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու հերթական փորձերը: Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվեցին մի քանի տասնյակ որոշումներ և առաջարկություններ: Նախագահությունը կազմակերպությունում հերթական վեցամսյա ժամկետով փոխանցվեց Մոլդովային:

Նմանատիպ նյութեր