211652_close_icon
views-count990 դիտում article-date 14:48 11-12-2014

Գնաճը համահունչ է փոխարժեքի փոփոխությանը. ՏՄՊՊ հանձնաժողովի դիտարկումը

[b]ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան[/b] - Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պարոն Շաբոյանին առաջարկել ենք, որպեսզի ներկայացնի իր դիտարկումների արդյունքները ապրանքների թանկացման հարցում և շուկայական դիրքի չարաշահումները: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան - Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում վարչապետի հանձնարարության հիման վրա կատարված գների ուսումնասիրության արդյունքները: Նախ և առաջ, մեր ուսումնասիրության նպատակով մենք առանձնացրել ենք այն ապրանքային շուկաները, որոնք գտնվում են հանձնաժողովի տեսադաշտում: Դրանք այն ապրանքային շուկաներն են, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները, և հանձնաժողովը դիտանցումներ է իրականացնում այդ ապրանքային շուկաներում, հետևում է խոշոր ընկերությունների վարքագծին, որպեսզի թույլ չտանք դրանց կողմից հակամրցակցային գործողություններ: Այնուհետև այդ ապրանքային շուկաներից առանձնացրել ենք այն ապրանքները, որոնք սոցիալական նշանակություն ունեն: Դրանք 16-17 անուն ապրանքներ են: Խոսքը վերաբերում է շաքարավազին, կարագին, ձեթին, հավի մսին, հավկիթին, սուրճին, ալյուրին և այլն: Ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ դրամն ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 13 տոկոսով՝ 411-ից հասնելով 463 դրամի: Փոխարժեքի փոփոխությունն իր ուղղակի և անմիջական ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնք սկսել են բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած: Այնուհետև գնային բարձրացում է արձանագրվել նաև տեղական արտադրության ապրանքային շուկաներում, որոնցից հանձնաժողովի տեսադաշտում է կաթնամթերքի ոլորտը: Բնականաբար, փոխարժեքը կարող է իր ազդեցությունը թողնել նաև կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքատեսակներ, բաղադրիչներ ներմուծվում են: Բացի այդ, ձմռան ամիսներին տվյալ ժամանակահատվածում հանրապետությունում կաթնամթերքի արտադրության ծավալը կտրուկ նվազում է, և փոխարժեքը կարող է ներմուծված կաթի փոշու միջոցով իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա: Սակայն սա դեռևս վերջնական դիրքորոշում չէ: Մենք լայնածավալ ուսումնասիրություն ենք սկսել այս հարցի կապակցությամբ՝ հաշվի առնելով, որ կաթնամթերքի ոլորտը հասարակական հնչեղություն է ստացել, և ուսումնասիրության ավարտից հետո մեր վերջնական դիրքորոշումը կներկայացնենք: Կաթնամթերքի գները տարբեր չափով են փոխվել, ընդ որում, ասեմ, որ կան որոշ տեսակներ, որ գնային փոփոխության չեն ենթարկվել: Օրինակ՝ նույն կաթը կամ պանիրը, որն իր տեխնոլոգիական առանձնահատկություններով արտադրվում է անարատ կաթի հիման վրա: Դրանց գծով էական գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Ի դեպ, ոչ բոլոր կաթնամթերք արտադրողներն են կաթնամթերքի գները բարձրացրել: Խոսքը հիմնականում վերաբերում է երկու խոշոր արտադրողներին՝ «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերություններին: Տարընկալումներից խուսափելու նպատակով, ճիշտն ասած, չէի ցանկանա առանձին ապրանքների գծով ներկայացնել գնային փոփոխությունները, որովհետև նույն ապրանքի գծով կարող են տարբեր գներ արձանագրվել՝ կախված մի շարք չափանիշներից, օրինակ՝ որակից, տեսակից, ծագման երկրից, արտադրողից: Ապրանքային նշանից կախված օրինակ բերեմ. մենք մեր դիտարկումների ժամանակ ֆիքսում ենք հստակ կոնկրետ ապրանքատեսակներ, որոնց գծով իրականացնում ենք գնային դիտանցումներ: Օրինակ, բրնձի գծով մենք ուսումնասիրում ենք կիլոգրամով, քաշով վաճառվող բրինձը, որի 1 կգ-ը այս պահի դրությամբ «Երևան սիթի» խանութների ցանցում արժե 375 դրամ՝ 325 դրամից դարձել է 375 դրամ, այսինքն՝ գների փոփոխությունը կազմել է 4 տոկոս: Մինչդեռ այդ նույն բրնձի կողքին վաճառվում է նաև «Մառանիկ» անվանումով բրինձը, որը փաթեթավորված է, մաքրված, որոշ չափով վերամշակված և համարվում է բրենդային ապրանք, և այդ նույն բրնձի գինը 4 անգամ ավելի է, քան այն բրնձինը, որը գտնվում է մեր ուսումնասիրության շրջանակում: Այդ պատճառով մեր ուսումնասիրության ժամանակ մենք դիտարկում ենք այն ապրանքները, որոնք առավել ներկայացուցչական են և բնակչության լայն շրջանակների համար մատչելի: Այդ պատճառով չէի ցանկանա առանձին-առանձին ապրանքների գնային փոփոխությունները ներկայացնել: Այնուհանդերձ, այն ապրանքատեսակները, որոնց գծով մենք ուսումնասիրություն ենք իրականացրել, դրանց գնային փոփոխությունները տատանվում են 2-12, 13 տոկոսի միջակայքում, այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13 տոկոս: Կարելի է ասել, որ գնային փոփոխությունները համահունչ են փոխարժեքի փոփոխություններին, և փոխարժեքի փոփոխման վերին շեմը չեն գերազանցում: Այնուհանդերձ, պարոն վարչապետ, մեր աշխատակիցներն այս պահին կոնկրետ հաշվարկներ են իրականացնում, որպեսզի պարզենք փոխարժեքի ազդեցության չափը յուրաքանչյուր ապրանքատեսակի վրա: Բացառություն է հնդկաձավարը, որի գներն էականորեն ավելացել են, և հնդկաձավարի գնի վրա, փոխարժեքի փոփոխությունից բացի, առաջին հերթին ազդել են ձեռքբերման գները, որոնք մեծ չափով ավելացել են: Այս ապրանքատեսակը մեր տնտեսվարողները հիմնականում ներմուծում են ռուսաստանյան շուկայից, և այս տարվա ընթացքում, պայմանավորված այն հանգամանքով, որ հնդկաձավարի բերքը կրճատվել է մոտ 20 տոկոսով, գները կտրուկ ավելացել են, մի քանի անգամով են ավելացել: Ի դեպ, Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությունն այս ուղղությամբ արդեն ուսումնասիրություն է սկսել, որոշ տնտեսվարողների նկատմամբ վարչական վարույթներ է հարուցել: Ես կապվել եմ իմ ռուս գործընկերոջ հետ և խնդրել, որպեսզի այս ուղղությամբ համատեղ ուսումնասիրություն կատարենք և տեղեկատվությունն օպերատիվ կարգով փոխանակենք: Հստակեցման նպատակով մի կարևոր մեթոդաբանական առանձնահատկություն եմ ուզում ներկայացնել. այն ապրանքատեսակները, որոնց գծով մենք ուսումնասիրություն են իրականացրել, կազմում են սպառողական գների ինդեքսի մեջ ներառված ապրանքատեսակների ընդամենը որոշ մասը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նկատի ունեմ ամանորյա նախատոնական ժամանակահատվածը՝ մենք շարունակելու ենք ամենօրյա դիտանցում իրականացնել այն ապրանքային շուկաներում, որոնք գտնվում են մեր տեսադաշտում, հետևելու ենք խոշոր ընկերությունների վարքագծին, նրանց տնտեսական գործունեությանը, որպեսզի թույլ չտանք, որ խոշոր ընկերությունները հակամրցակցային գործողություններ իրականացնեն: Եվ վստահեցնում եմ, որ այն խոշոր ընկերությունները, որոնք չարաշահում թույլ կտան, հակամրցակցային գործողություն կկատարեն, մեր կողմից խստորեն կպատժվեն: [b]ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան[/b] - Ներկայում չկա՞ն չարաշահումներ: [b]Արտակ Շաբոյան[/b] - Այս պահի դրությամբ, պարոն վարչապետ, գնաճը փոխարժեքին համահունչ է, բայց ուսումնասիրությունները շարունակվում են, և ավարտելուց հետո մենք վերջնական տվյալները կներկայացնենք:

Նմանատիպ նյութեր