ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպել է
Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Թիան Էրլունի
հետ:
ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Թիան Էրլունին Հայաստանում դիվանագիտական
առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպանի
գործունեությունը նպաստավոր կլինի հայ-չինական ավանդական համագործակցության
առավել խորացման եւ զարգացման համար: Պարոն Շարմազանովը կարեւորել է
միջխորհրդարանական կապերի սերտացումն ու զարգացումը, պատգամավորական
բարեկամական խմբերի գործունեությունը: Նրա գնահատմամբ՝ տարբեր ոլորտներում
համագործակցության մեծ ներուժ կա, որը պետք է արդյունավետ օգտագործվի:
Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ընդգծել է, որ ՀՀ
իշխանությունները հավատարիմ են խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու
սկզբունքին եւ դրական է գնահատել Չինաստանի իշխանությունների հավասարակշիռ
դիրքորոշումն այս հարցում:
Դեսպան Թիան Էրլունը, շեշտելով, որ տպավորված է հայ-չինական
համագործակցության բարձր մակարդակով, պատրաստակամություն է հայտնել
ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ փոխադարձ համագործակցության նոր մակարդակ
ապահովելու եւ միջպետական ու միջխորհրդարանական կապերն առավել զարգացնելու
համար: Նա ընդգծել է, որ Չինաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է
բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձեւաչափով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տնտեսական, կրթական,
մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին:
Կողմերը կարեւորել են բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ փորձի
փոխանակումը եւ փոխայցելությունները: