211652_close_icon
views-count1137 դիտում article-date 14:13 10-12-2014

Էներգետիկ ոլորտը Հայաստանում շահութաբեր է և ամբողջությամբ ծածկում է ներքին պահանջարկը. Երվանդ Զախարյան

Դեկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում տեղի է ունեցել Էներգակիրների հուսալի և անխափան տարանցում խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Էներգետիկ խարտիայի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնած համաժողովի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում էներգետիկ անվտանգության, էներգակիրների տարանցման, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության հարցերը:  Ողջունելով մասնակիցներին նախարարը նշել է, որ համաշխարհային տնտեսության զարգացման ներկայիս տեմպերը բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, ինչը ստիպում է շատ երկրների, այդ թվում նաև Հայաստանին, համապատասխան քայլեր ձեռնարկել ու մեծացնել վերականգնվող և էկոլոգիապես մաքուր էներգետիկայի բաժինը՝ ընդհանուր էներգաարտադրության մեջ, ինչպես նաև խթանել տնտեսության բոլոր ոլորտներում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման գործընթացը: Երվանդ Զախարյանի խոսքով, չնայած Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է էներգիայի սկզբնական աղբյուրների ներմուծման հանգամանքից, այնուամենայնիվ, էներգետիկ ոլորտը Հայաստանում հանդիսանում է շահութաբեր և ամբողջությամբ ծածկում է երկրի ներքին պահանջարկը: Դրանից բացի Հայաստանը փոխշահավետ հիմունքներով և հաջողությամբ համագործակցում է Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի հետ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը կայուն զարգացման գործընթացներում բավական մեծ ուշադրություն է դարձնում էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր