211652_close_icon
views-count690 դիտում article-date 20:00 08-12-2014

Քննարկվել են հայ-լեհական տնտեսական համագործակցության հեռանկարները

Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը դեկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի փոխվաչապետ, էկոնոմիկայի նախարար Յանոշ Պիխոչինսկու հետ: Հանդիպման ընթացքում Յանոշ Պիխոչինսկին և Գարեգին Մելքոնյանը քննարկել են երկու երկրների տնտեսական կապերի խորացման հնարավորությունները: Կողմերը կարևորել են համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունը, հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը և զարգացումը: Գարեգին Մելքոնյանը համառոտ տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի տնտեսական քաղաքականության և ընթացող զարգացումների մասին: Գարեգին Մելքոնյանը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը զարգացնել հայ-լեհական հարաբերությունները բոլոր հնարավոր ոլորտներում, նշելով, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա ԵՄ անդամ երկրների հետ հարաբերություններում, և մասնավորապես հայ-լեհական առկա համագործակցությունը զարգացման նոր մակարդակի հասցնելու գործում: Յանոշ Պիխոչինսկին մասնավորապես նշել է, որ Լեհաստանը դեմ է բաժանարար գծեր սահմանելուն և իրենք պատրաստ են Հայաստանի հետ շարունակելու առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված աշխատանքները: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկայի` մասնավորապես ալտերնատիվ էներգետիկայի, գյուղատնտեսության` մասնավորապես սննդամթերքի արտադրության մեջ նոր գիտական ուղղությունների ներդրման բնագավառում, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Գարեգին Մելքոնյանը առաջարկել է կազմակերպել լեհ գործարաների այցելությունը Հայաստան` տեղում ծանոթանալու Հայաստանի գործարար միջավայրին և կապեր հաստատելու հայ գործարարների հետ: Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք համաձայնություն հայտնեցին, որ համագործակցության խորացման և ակտիվացման հարցում պետք է համատեղ ջանքեր գործադրել և օգտագործել միմյանց հնարավորությունները` երկկողմ և տարածաշրջանային փոխշահավետ գործարար ծրագրեր առաջմղելու նպատակով: Նախորդ օրը, դեկտեմբերի 2-ին Գ.Մելքոնյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մարեկ Սավիցկու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները: Գարեգին Մելքոնյանը տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի տնտեսական քաղաքականության, նաև ներդրումային միջավայրի և Հայաստանում ազատ տնտեսական գոտիների մասին: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակվել գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման արդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնման, գյուղատնտեսության մեջ ալտերնատիվ էներգետիկայի օգտագործման, անասնաբուժության, ֆիտոսանիտարիայի, ձկնաբուծության, ջերմոցային տնտեսությունների, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, պարենային ապրանքների փոխանակման և այլ հարցերում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Մարեկ Սավիցկու Հայաստան այցելության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր