Սառեցված հակամարտությունները շարունակում են պահանջել ԵԱՀԿ-ի միջամտությունը. Լամբերտո Զանիեր
Կովկասում, ինչպես նաև Մոլդովայում սառեցված հակամարտությունները շարունակում են պահանջել
ԵԱՀԿ-ի միջամտությունը, հատկապես Ուկրաինայի իրադարձություններից հետո, Բազելում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Երկօրյա նիստին մասնակցում է ԵԱՀԿ 57 անդամ պետություն:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը հայտարարել են, որ նախկինի պես հակված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս մասին նշված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված համատեղ հայտարարության մեջ:
«Չկա ռազմական ուղով լուծում, և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ բռնությունից և ակտիվորեն աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ: