Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի է ունեցել «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ամանորյա տոնահանդեսը: Նախակրթարանի ուսուցիչների ջանքերով ու երևակայությամբ զարդարված դահլիճը իսկական ձմեռային տեսք էր ստացել, որտեղ տարբեր կենդանիների, հրեշտակների ու ձյունանուշիկների նմանվող նախակրթարանի 50-ից ավելի սաները սպասում էին Ձմեռ պապին:
Տոնական դահլիճում տեղեր են զբաղեցրել ոչ միայն փոքրիկների ծնողները, այլև հոգևոր հայրերը:
Տոնահանդեսը սկսվել է Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ: Միմյանց հաջորդել են փոքրիկների հայերեն խոսքը, ուրախ երգն ու պարը, ասմունքը, հանելուկն ու շուտասելուկը:
Հեքիաթային Քաջ Նազարն ու Ձմեռ պապը բոլոր երեխաներին բաժանել են ամանորյա նվերներ, տեղեկացնում է Վիրահայոց թեմի լրատվական ծառայությունը: