211652_close_icon
views-count858 դիտում article-date 17:59 28-11-2014

Բարեփոխումներ` կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության ոլորտում

Հայաստանը կատարելագործում է ֆինանսական հաշվետվողականության եւ աուդիտի ինստիտուտները՝ ներդրումների գրավչությունը բարձրացնելու նպատակով: Նոյեմբերի 28-ին Երեւանում մեկնարկել է Կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության ոլորտի ռազմավարությանն ու գործողությունների ծրագրին նվիրված աշխատաժողովը: Ծրագիրը մշակել է Ֆինանսների նախարարությունը՝ Համաշխարհային Բանկի հետ համատեղ: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը գործարար միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, կապիտալի եւ արժեթղթերի շուկայի զարգացման հարցում, հարկային եւ մաքսային կարգավորման գործիքների դերին զուգահեռ, կարեւորել է նաեւ ֆինանսական հաշվետվողականության եւ աուդիտի համակարգի ազդեցությունը: Փոխնախարարի խոսքով՝ նոր նախաձեռնությունը շրջադարձային փոփոխություն է ենթադրում ֆինանսական հաշվետվողականության եւ աուդիտի դաշտում: «Մեր նպատակն է նախեւառաջ ձեւավորել հաշվապահական հաշվառման եւ աուդիտի միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրություն»,-ասել է Միրումյանը՝ կարեւորելով նաեւ հաշվապահների եւ աուդիտորների որակավորման համակարգի կատարելագործումը: ՀԲ Կենտրոնական Ասիայի ֆինանսական կառավարման ղեկավար Արման Վաթյանը նշել է, որ Հայաստանն անցյալ տասնամյակում բավական մեծ հաջողությունների է հասել աուդիտի եւ հաշվապահության բնագավառներում, եւ ներկայում անցում է կատարվում ոլորտի երկրորդ փուլի բարեփոխումներին: ՀԲ պաշտոնյան ներդրումների ավելացման հարցում կարեւորել է բիզնեսի հանդեպ վստահության բարձրացման անհրաժեշտությունն ու հաշվետվողականության թափանցիկության գործոնը: «Աուդիտորական գործունեության նկատմամբ վերահսկողության մոդելը բարեփոխվելու է, ներդրվելու է ավելի հստակ եւ թափանցիկ հանրային վերահսկողություն»,-պարզաբանել է Վաթյանը՝ հավելելով, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանում կձեւավորվի կայացած եւ հզոր աուդիտորական գործունեություն եւ ավելի թափանցիկ ֆինանսական հաշվետվություններ: ՖՆ Հաշվապահության եւ աուդիտի մեթոդաբանության բաժնի պետ Կարեն Ալավերդյանը նշել է, որ աշխատաժողովը Ֆինանսների նախարարության եւ Համաշխարհային բանկի արդյունավետ համագործակցության հերթական օրինակն է: «Վերջին տարիներին զգալի բարեփոխումներ են իրականացվել կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության եւ աուդիտի ոլորտներում եւ այս աշխատաժողովը բարեփոխումների շարունակականությունն ապահովող հերթական քայլն է»,-նշել է Ալավերդյանը՝ հավելելով, որ ծրագիրը կազմվել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմամբ:

Նմանատիպ նյութեր