211652_close_icon
views-count613 դիտում article-date 14:46 25-11-2014

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտած Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն, հայտնում է ՄԱ տեղեկատվական կենտրոնը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքի խոսքը փոխանցեց դեսպանին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նկատմամբ նրա դրսևորած առանձնահատուկ ջերմ վերաբերմունքի համար: Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական կապերին` Ամենայն Հայոց Հայրապետը մասնավորապես ընդգծեց, որ դարեր շարունակ ձևավորված այդ բարեկամության հիմք են հանդիսացել քրիստոնեական հավատը և միևնույն արժեհամակարգը, որոնք այսօր ևս հարկ է ամրապնդել տարբեր ոլորտների արդյունավետ փոխգործակցության միջոցով: Նորին Սրբությունն անհրաժեշտ համարեց նաև համագործակցության առավել աշխուժացումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Լեհաստանի Կաթոլիկ Եկեղեցու միջև միջեկեղեցական հարաբերություններում` տեղեկացնելով, որ առկա գործակցության արդյունքում կատարվել է հոգևորական ուսանողների փոխանակություն: Այնուհետև Հայաստանում իր դիվանագիտական ծառայությունից ստացած տպավորություններով կիսվեց տիար Զդիսլավ Ռաչինսկին` միևնույն ժամանակ Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնելով Հայ Եկեղեցու կողմից Լեհաստանի և Լեհաստանի դեսպանատան նկատմամբ դրսևորվող հատուկ ուշադրության համար:

Նմանատիպ նյութեր