211652_close_icon
views-count931 դիտում article-date 13:45 24-11-2014

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Նշանակման առիթով շնորհավորելով դեսպանին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման պատասխանատու առաքելության մեջ նրան հաջողություններ մաղթեց: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերություններին և պետությունների սերտ գործակցությանը` գոհունակություն հայտնելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի իշխանությունների կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կարևոր ջանքերի համար: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև հայ-ֆրանսիական համատեղ միջպետական հարաբերությունների արդյունքում ձևավորված գիտական, տնտեսական, մշակութային փոխգործակցության արդյունավետությանը: Այս առիթով նորանշանակ դեսպանը վստահեցրեց Ամենայն Հայոց Հայրապետին, որ պետք է հետամուտ լինի տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական գործակցության զորացմանը: Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը միևնույն ժամանակ անդրադարձավ հայ ժողովրդի պատմության մեջ ու կյանքում Հայ Եկեղեցու ունեցած վիթխարի դերակատարությանը, ապա շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման և գահակալության 15-րդ տարեդարձի առիթով: Զրույցի ընթացքում խոսվեց նաև Ֆրանսիայի հայոց թեմի և եկեղեցական կյանքի, տարբեր Եկեղեցիների հետ Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ծրագրվող միջոցառումների և նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռում գումարված Եպիսկոպոսաց ժողովում Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման վերաբերյալ ընդունված որոշման մասին:

Նմանատիպ նյութեր