ԱՊՀ-ի լրատվական գործակալությունների ղեկավարներն այցելել են Մայր Աթոռ
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայաստանում կայանալիք ԱՊՀ-ի պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի նիստի և Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի խորհրդաժողովի մասնակիցները, հայտնում է ՄԱ տեղեկատվական կենտրոնը:
Հյուրերին ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը ողջունեց հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և նրանց փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը:
Բագրատ Սրբազանը կարևորեց նման խորհրդաժողովների անցկացումը, որոնք հնարավորություն են ընձեռում ոչ միայն ընդլայնելու լրատվական գործակալությունների միջև փոխհամագործակցությունը, այլև այս բարդ ու դժվարին ժամանակներում դառնալու խաղաղության տարածման յուրօրինակ քարոզիչներ:
Հյուրերը Մայր Աթոռում այցելեցին նաև Մայր Տաճարի թանգարան: