1228 դիտում
16:49 24-11-2014
Ավարտվել է անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահաս Ռ.Մանուկյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործով մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մեղադրյալ Ա.Ղարաջյանը ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել Ստեփանավան քաղաքի բնակչուհի Մելինեի հետ, ով փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ա.Կռոյանի հետ։ Վերջիններս 2014 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Լոռու մարզի Բովաձոր գյուղում գտնվող՝ անհատ ձեռներեց Ջաղինյանի խանութից ապառիկ կարգով վերցրել են 102.000 դրամի չափով սննդամթերք և այլ իրեր՝ պայմանավորվելով հետագայում մարել պարտքը, սակայն չեն մարել:
Ա.Կռոյանի անվամբ գրանցած պարտքը վերադարձնելու համար 2014 թվականի հոկտեմբերի սկզբին Ջաղինյանը դիմել է բարեկամներին, Տատոյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ստեփանավանի Ա.Քալանթարյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մոտակա տարածքում Տատոյան եղբայրները հանդիպել են Ա.Կռոյանի և Ա.Ղարաջյանի հետ՝ պարզաբանելու, թե նրանցից ով պետք է փակի պարտքը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Կռոյանի ավագ որդին՝ Վ.Կռոյանը, և անչափահաս որդին՝ Ռ.Մանուկյանը: Պարտքի շուրջ տարաձայնություն է առաջացել Վ. Կռոյանի և Ա.Ղարաջյանի միջև, որի ընթացքում Վ.Կռոյանն ապտակել է Արմեն Ղարաջյանին, ով վրդովվել է և հայհոյել, իսկ երբ Վ.Կռոյանն ընդառաջ է գնացել դեպի Ա. Ղարաջյանը, անչափահաս Ռ.Մանուկյանը կանխել է՝ կանգնելով նրանց միջև:
Նույն պահին Ա.Ղարաջյանը, նախապես իր հետ վերցրած սուր ծակող-կտրող գործիքով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է անչափահաս Ռ.Մանուկյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա՝ դիտավորությամբ հարվածել նաև Վ.Կռոյանի աջ գոտկային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արմեն Ղարաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1791 դիտում
22:39 04-03-2015
Հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի կողմից մեկ այլ անչափահասի միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին