2090 դիտում
19:27 21-11-2014
Որտե՞ղ են ձևավորվում ազգային հավաքականի վաղվա ֆուտբոլիստները. Նոր մոդել Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլում
Որտե՞ղ են ձևավորվում ազգային հավաքականի վաղվա ֆուտբոլիստները. Նոր մոդել Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլում
2014 թ. ապրիլի 4-ին, երկրպագուների և լրագրողների հետ ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ ՀՖՖ-ն և ՈՒԵՖԱ-ն իրականացնելու են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համատեղ հատուկ ծրագիր, որի համար Հայաստան են հրավիրվելու մանկապատանեկան ֆուտբոլի արտասահմանցի մարզիչներ:
Հայաստանը, Վրաստանի և ՆՀՀ Մակեդոնիայի հետ այն երկրների շարքում է, որտեղ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի UEFA Youth Elite Player Development (ՈՒԵՖԱ-ի երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում) ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում օգոստոսի 8-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեցին սելեկցիոն աշխատանքները, որոնց ընթացքում «Բանանց», «Փյունիկ», «Միկա», «Արարատ» ակումբների, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերի 2000 և 2001 թթ. ծնված շուրջ 150 երեխաներ, բաժանվելով թիմերի, անցկացրեցին երկօրյա մինի-մրցաշար: Սելեկցիոն աշխատանքներին ներգրավված էին ՀՖՖ հրահանգիչները, իսկ ամբողջ գործընթացը գլխավորում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը: Արդյունքում ընտրվեցին 2000 և 2001 թթ. ծնված 20-ական երեխա, որոնք էլ կազմավորեցին Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների ազգային հավաքականները:
Այդպիսով, պաշտոնապես մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Youth Elite Player Development ծրագիրը Հայաստանում: Ծրագրի շրջանակներում ընտրված 40 երեխաներ ապրում, սնվում և մարզվում են ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, ինչպես նաև միասին հաճախում են նույն դպրոցը:
Օրեր առաջ ՀՖՖ պաշտոնական կայքի ներկայացուցիչները մեկ օր անցկացրեցին պատանի ֆուտբոլիստների հետ՝ անցնելով կեցավայր-դպրոց-մարզում-ժամանց ճանապարհը:
[img]http://www.ffa.am/uploaded/_HAK2726-new.jpg[/img] [img]http://www.ffa.am/uploaded/_HAK2738-new.jpg[/img] [img]http://www.ffa.am/uploaded/_HAK2797-new.jpg[/img]
Պատանի ֆուտբոլիստները հաճախում են Ավանի թիվ 170 միջնակարգ դպրոց: Նրանցից մի քանիսը սովորում են 10¹ դասարանում: Դասղեկ Անուշ Աբրահամյանը նշեց, որ երեխաները սովորում են տարբեր դասարաններում և բացատրեց դրա պատճառները.
«Առաջին հերթին դա արված է այն նպատակով, որ երեխաները շփվեն նաև աղջիկների հետ: Կարծում եմ` դա ճիշտ որոշում էր: Իրենք շատ ժամանակ են անցկացնում միասին ֆուտբոլի ակադեմիայում և նրանց երբեմն պետք է իրավիճակի փոփոխություն: Երբ բացի իրենցից դասարանում լինում են նաև այլ աշակերտներ, իրենց հետաքրքրությունները, ունակությունները և վարվելաձևը փոխվում են: Երեխաները բաշխված են ըստ տարիքի, հիմնականում բոլորը սովորում են 10-րդ դասարանում, կա նաև մեկ հոգի 11-րդ դասարանում: Իմ դասարանը հումանիտար հոսքում է, այսինքն այն երեխաները ովքեր ապագայում կցանկանան, օրինակ, դիմել ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ կամ կընտրեն հումանիտար ուղությունը, իրենց համար մաթեմատիկան և նման առարկաները ավելի թեթևացած ծրագրով է դասավանդվում: Մի խոսքով, երեխաները բաժանված են հոսքերի և բոլորի համար ընտրված է իրենց կարողությունների և հետաքրքրությունների համապատասխան հոսք:
Ես կուզեի, որ իրենք լավ սովորեն` անկախ նրանից կդառնան լավ ֆուտբոլիստ թե ոչ: Այդուհանդերձ, ինձ համար պատիվ կլիներ, եթե այն երեխաները, որոնց ես դասավանդում եմ, ապագայում դառնային մեծ ֆուտբոլիստներ:
Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների ազգային հավաքականները նաև մասնակցում են Հայաստանի` համապատասխանաբար մինչև 16 և 15 տարեկանների պատանեկան առաջնությանը:
Հայաստանի մինչև 15 տարեկանների գլխավոր մարզիչը բելգիացի մասնագետ Մարկ Լելևրն է, ով նաև ծրագրի տեխնիկական տնօրենն է: Մարկ Լելևրը 30 տարվա աշխատանքային փորձ ունի: Աշխատել է Բելգիայի առաջին դիվիզիոնում` որպես երիտասարդական թիմերի մարզիչ`մարզելով տարբեր տարիքային թիմեր` Մ-9-ից մինչև Մ-17 տարեկան ֆուտբոլիստների թիմեր: Աշխատել է Բելգիայի երրորդ դիվիզիոնում, ինչպես նաև բելգիական «Սեն-Տրույդեն» և «Վեստեռլո» թիմերում, որպես Մ-23 տարեկան ֆուտբոլիստների թիմի մարզիչ: Նախորդ տարի աշխատել է հունգարական «Ույպեշտ» թիմում` որպես գլխավոր մարզչի օգնական, ապա գլխավոր մարզիչ:
«Այս ծրագիրը շատ կարևոր է Հայաստանի նման երկրներում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար,-ասում է Մարկ Լելևրը: Այստեղ ստեղծված են աշխատանքային գերազանց պայմաններ, մենք շատ գոհ ենք ինչպես ՀՖՖ-ի հետ մեր համագործակցությունից, այնպես էլ մեր օգնականներից, ադմինիստրատորներից, սպասարկող անձնակազմից և խոհարարներից: Այսպիսի ծրագրերը կարող են դառնալ ֆուտբոլի ապագան: Հիմա կարևոր է ոչ այնքան արդյունքը, որքան այն, որ երեխաները սովորեն ճիշտ ֆուտբոլ խաղալ: Շատ կարևոր է, որպեսզի ծրագիրը լինի շարունակական, այսինքն ներկայիս Մ-15 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները հաջորդ տարի ձևավորեն Մ-16 տարեկանների հավաքականի կորիզը և այդպես շարունակ: Դա նույնպես ծրագրի գլխավոր նպատակներից մեկն է»:
[img]http://www.ffa.am/uploaded/IMG_8697.jpg[/img] [img]http://www.ffa.am/uploaded/IMG_8704.jpg[/img] [img]http://www.ffa.am/uploaded/IMG_8690.jpg[/img]
Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներ Արամ Խամոյանը և Արսեն Եղիազարյանը գոհ են ինչպես մարզումներից, այնպես էլ ծրագրի ընդհանուր կազմակերպվածությունից:
«Ծրագիրը շատ օգտակար է,-ասում է հավաքականի հենակետային կիսապաշտպան Արամ Խամոյանը: Ես ներկայացնում եմ «Միկան», որտեղ ամեն ինչ նույնպես բարձր հիմքերի վրա է դրված, սակայն այստեղ լրիվ այլ պայմաններ են: Երբ ես համեմատում եմ իմ տեխնիկական և ֆիզիկական պատրաստվածությունը, զգում եմ, որ շատ եմ ուժեղացել: Իսկ իմ դիրքի ֆուտբոլիստի համար ֆիզիկական լավ պատրաստվածությունը շատ կարևոր է, քանի որ պետք է հասցնես փոխօգնության հասնես խաղընկերներիդ և լավ տեսնես ամբողջ դաշտը:
Պաշտպան Արսեն Եղիազարյանը, որը մինչ այս հանդես էր գալիս «Բանանցում», նշում է, որ, չնայած իր ակումբում խաղում էին նույն` 4-3-3 սխեմայով, բայց այստեղ լրիվ այլ մակարդակ է: Նախ, ավելի մեծ են ծանրաբեռնվածությունները, երկրորդ, այստեղ ավելի մեծ ուշադրություն է դարձվում տակտիկական մանրուքներին, ինչպես նաև ճիշտ ռեժիմին և սննդակարգին:
Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը ֆրանսիացի Դանիել Բրեարն է: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել ֆրանսիական «Սենտ-Էտյեն» թիմում, այնուհետև` Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի մի շարք թիմերում: Եղել է ֆրանսիացի հանրահայտ մարզիչ Գի Ռուի օգնականը: Ստանալով ՊՐՈ արտոնագիր` աշխատել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում` որպես տեխնիկական տնօրեն:
«Աշխատանքն այստեղ շատ հետաքրքիր է: Ես զբաղվում եմ նաև սկաուտինգով: Մենք արդեն ձևավորել ենք հավաքականները, բայց կազմը վերջնական չէ: Քանի որ մենք մասնակցում ենք Հայաստանի պատանեկան առաջնությանը և ամեն շաբաթ հնարավորություն ենք ունենում գործի մեջ տեսնել տարբեր թիմերի խաղացողների: Այն ֆուտբոլիստները, որոնք աչքի են ընկնում, հրավիրվում են փորձաշրջանի: Նրանք մարզվում են արդեն ընտրված երեխաների հետ, և եթե նրանք արդարացնում են մեր սպասելիքները, հնարավորություն են ստանում ընդգրկվել հավաքականում»,-ասում է Դանիել Բրեարը:
[img]http://www.ffa.am/uploaded/IMG_8667.jpg[/img] [img]http://www.ffa.am/uploaded/IMG_8690.jpg[/img] [img]http://www.ffa.am/uploaded/IMG_8677.jpg[/img]
Հայաստանի մինչև 14 տարեկանների դարպասապահ Գուրգեն Ավետիսյանը, ով հանդես է եկել «Բանանցում», վստահ է, որ ճիշտ մարզվելու դեպքում կարող է ապագայում դառնալ լավ դարպասապահ:
«Իմ կարծիքով, դարպասապահի համար ամենակարևոր հատկանիշներն են սառնասրտությունը, հոգեբանորեն պատրաստված լինելը և ընկերներին ճիշտ հուշելը: Շատ ուրախ ենք, որ գտնվում ենք այստեղ, քանի որ գիտակցում ենք, որ ներկայացնում ենք ազգային հավաքականը: Մեզ հետ այստեղ աշխատում են հմուտ մարզիչներ, որոնցից ամեն օր նոր բան ենք սովորում»:
[img]http://www.ffa.am/uploaded/IMG_8606.jpg[/img] [img]http://www.ffa.am/uploaded/_HAK2858-new.jpg[/img] [img]http://www.ffa.am/uploaded/IMG_8639.jpg[/img]
Հայաստանի մինչև 14 տարեկանների հարձակվող Գրիգոր Հովհաննիսյանը, ով նույնպես հանդես է եկել «Բանանցում» նշում է, որ հպարտ է այստեղ գնտվելու համար.
«Չնայած մենք դեռ 14 տարեկան ենք, բայց արդեն զգում ենք այն պատասխանատվությունը, որ դրվել է մեզ վրա: Մենք հպարտ ենք, որ համարվում ենք ազգային հավաքականի ֆուտբոլիստներ: Հեշտությամբ մերվել ենք մեր խաղընկերների հետ և աշխատում ենք ամեն օր նոր բան սովորել միմյանցից»:
Այս օրերին Հայաստանում է նաև ՈՒԵՖԱ-ի Youth Elite Player Development ծրագրի ղեկավար, ֆրանսիացի Ժան-Ֆրանսուա Դոմերգը, ով նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է, հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականում:
«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջինը սեպտեմբերին էր և կրում էր ճանաչողական բնույթ: Այժմ` 8 շաբաթ անց, ես եկել եմ այստեղ` տեսնելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել: Ծրագիրն ունի 3 հիմնական ուղղվածություն: Առաջին հերթին, դա կրթություն է: Շատ կարևոր է, որպեսզի երեխաները ստանան ֆուտբոլային լավ կրթություն: Երկրորդը՝ դպրոցն է: Երեխաները պետք է սովորեն մյուսների հետ հավասար, քանի որ լավ ֆուտբոլիստ դառնալու համար անհրաժեշտ է նաև ինտելեկտ ու բազմազան գիտելիքներ: Ես հանդիպել և խոսել եմ ուսուցիչների հետ: Նրանք շատ գոհ են երեխաների առաջադիմությունից: Ամենևին կապ չունի, որ նրանք ֆուտբոլիստներ են: Ուսուցիչները նրանցից պահանջում են նույնը, ինչ մյուս երեխաներից: Երրորդ և ոչ պակաս կարևորն այն միջավայրն է, որտեղ գտնվում են երեխաները: Նրանք ապրում են իդեալական պայմաններում, մարզիչները և բժիշկը մշտապես հետևում են ինչպես նրանց ֆիզիկական պատրաստությանը, այնպես էլ սննդակարգին: Բացի այդ, անընդհատ ապրելով և մարզվելով միասին, նրանց մոտ ձևավորվում է թիմային մտածելակերպ, ինչը շատ կարևոր է ֆուտբոլում: Ես խոսել եմ նաև մարզիչների և ադմինիստրատորների հետ, որոնք նույնպես շատ գոհ են երեխաներից: Որպես ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ` կարող եմ ասել, որ բավարարված եմ այս փուլում ինչպես ՀՖՖ, այնպես էլ մարզիչների և ողջ անձնակազմի կատարած աշխատանքից»:
Նմանատիպ նյութեր
3096 դիտում
22:42 22-11-2020
Գոհար Մելոյան. Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները
1301 դիտում
00:23 03-06-2014
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները անցկացրեցին ֆիզպատրաստության թեստեր
Այս բաժնից
2188 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2842 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2368 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում