211652_close_icon
views-count775 դիտում article-date 22:21 20-11-2014

ՀՀ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներն այցելեցին Լիբանան

Նոյեմբերի 15-ից 21-ը Լիբանանի զբոսաշրջության նախարարության հրավերով և Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Բեյրութում էր գտնվում զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներից և լրագրողներից բաղկացած ՀՀ պատվիրակությունը: Նոյեմբերի 15-ին ՀՀ դեսպանությունում պատվիրակությունը և նրան ուղեկցող «White Holiday» ընկերության տնօրեն Ռոբերտ Աբիադին հանդիպեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նոյեմբերի 19-ին «Մոնրո» հյուրանոցում կազմակերպվել էր հանդիպում Լիբանանի զբոսաշրջության նախարար Միշել Ֆարաոնի և դեսպան Աշոտ Քոչարյանի մասնակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ այցի համակարգող և նախաձեռնող Ռոբերտ Աբիադը: Այնուհետև ՀՀ տուրօպերատորների միության նախագահ Կարինե Դավոյանը ներկայացրեց պատվիրակության անդամներին, ՀՀ տուրօպերատորների միության գործունեության ուղղությունները, ընդգծեց փոխայցելությունների անհրաժեշտությունը երկու երկրների միջև զբոսաշրջության ծավալներն ավելացնելու համար: Իր խոսքում դեսպան Քոչարյանը կարևորեց պատվիրակության այցը Լիբանան: Դեսպանը խոսեց հայ ժողովրդի պատմության, հարուստ ժառանգության, մշակույթի, արժեքների և ավանդույթների մասին: Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ պատվիրակության այցելությունը Լիբանան կնպաստի զբոսարշջության զարգացմանը երկու բարեկամ երկրների միջև: Դեսպանը նշեց, որ այցելությունը խորհրդանշական է նրանով, որ տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին բարեկամական մի երկրում, որի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Շնորհակալություն հայտնելով լիբանանյան կողմին աջակցության համար` դեսպան Քոչարյանն ընդգծեց երկու երկրների միջև գոյություն ունեցող հսկայական ներուժի առկայությունն առևտրատնտեսական, ոսկերչության, զբոսարշջության, բանկային և այլ ոլորտներրում: Իր խոսքում նախարար Միշել Ֆարաոնը բարձր գնահատեց երկու բարեկամ երկրների հարաբերությունների ներկա մակարդակը: Նա ընդգծեց «MEA» ավիաընկերության կողմից իրականացվող Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղիղ թռիչքների կարևորությունը, ինչն էլ ավելի է մոտեցնում երկու եղբայրական ժողովուրդներին և ստեղծում լավ հնարավորություն` զբոսաշրջությունը զարգացնելու համար: Նախարարը վերհիշեց 1999թ. Հայաստան կատարած իր այցը, նշեց լիբանանահայ համայնքի կառուցողական դերը Լիբանանի զարգացման գործում, ինչպես նաև անդրադարձավ սիրիահայ համայնքի ներկայիս տառապանքներին: Նույն օրը ՀՀ պատվիրակության պատվին նախարար Միշել Ֆարաոնի անունից տրվեց ճաշ: Այցի շրջանակներում ՀՀ պատվիրակությունն այցելեց Լիբանանի տեսարժան վայրեր, եղավ Անթիլիասի մայրավանքում, հայաբնակ Այնճարում, Զմառռի միաբանության վանքում, հանդիպումներ ունեցավ Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամների և լիբանանյան տուրօպերատորների հետ:

Նմանատիպ նյութեր