211652_close_icon
views-count1256 դիտում article-date 12:03 12-11-2014

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի 2014 թ. դափնեկիր Մարիո Մացցոլային: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մարիո Մացցոլային ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու առթիվ և նշել, որ պատիվ է ՀՀ կառավարությունում հյուրընկալել այս բնագավառի՝ շրջադարձային ձեռքբերումներ ունեցող ամենաակնառու ներկայացուցիչներից մեկին: Վարչապետը նշել է, որ տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների զարգացումը կառավարության ծրագրի գերակայություններից է՝ որպես Հայաստանի մրցակցային առավելություններն ապահովող ոլորտ. ՀՀ արդյունաբերության ամենաարագ զարգացող այս ճյուղն ամեն տարի արձանագրում է շուրջ 20-25 տոկոս աճ, և առկա է այն հզորացնելու մեծ ներուժ: Շնորհակալություն հայտնելով մեր երկրում արժանացած ջերմ ընդունելության համար՝ պարոն Մացցոլան ներկայացրել է Cisco Systems ընկերության գործունեությունը, ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը: Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մի շարք հաջողված ծրագրեր է իրականացնում բազմաթիվ վերազգային ընկերությունների հետ, որի արդյունքում շատ կազմակերպություններ Հայաստանում հիմնում են իրենց տարածաշրջանային կենտրոնները: Հաշվի առնելով Cisco Systems ընկերության հետ համագործակցության հաջող փորձը (2010 թ. Հայաստանում գործում է «Սիսկո» ցանցային ակադեմիան)` ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդլայնել այն և աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության: Մարիո Մացցոլան նշել է, որ ընկերությունը շահագրգռված է համատեղ նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում՝ նպաստելով ոլորտի հետագա առաջընթացին և համագործակցության խորացմանը: Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլային պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:

Նմանատիպ նյութեր