ՀՀ ԱԱԾ-ն պետք է բացահայտի Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող հայ պատգամավորներին, եթե այդպիսիք կան. Նիկոլ Փաշինյան
Թող ՀՀ ԱԱԾ-ն պարզի ալիեւյան նավթադոլարներով ֆինանսավորվող պատգամավորներին, եթե այդպիսիք կան: Այսօր ԱԺ քառօրյայում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ ավելի վաղ հնչեցրած այն հայտարարությանը, թե ընդդիմադիր պատգամավորները ֆինանսավորվում են ալիեւյան նավթադոլարներով:
Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ ինքը հետեւողական է լինելու այդ հարցում, որ դավաճանները բացահայտվեն, եթե այդպիսիք կան: Նաև զարմանք հայտնեց, որ ԱԱԾ-ն մինչեւ հիմա չի հետաքրքրվել այդ հայտարարությամբ եւ ընթացք չի տվել:
«Իսկ եթե պարզվի, որ այս դահլիճում նման մարդիկ չկան, ապա ստիպված արձանագրելու ենք, որ Հայաստանի իշխանությունների համար Ալիեւը մշուշ է, որի քողի տակ կատարում են իրենց մութ գործերը»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը: