211652_close_icon
views-count938 դիտում article-date 19:08 07-11-2014

Կուժեղացվի շրջակա միջավայրի պահպանության վերահսկողությունը. կառավարության նիստ

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նիստում գործադիրը հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով: Կառավարության հավանությանն արժանացած «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագիծը և «Պետական կենսաթոշակների մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների մասին նախագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը: Մասնավորապես, ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է հունվարի 1-ից հստակեցնել զինվորական թոշակների բարձրացման մեխանիզմը: Կառավարության որոշմամբ՝ կբարձրացվեն ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստի չափերը: Այդ նպատակով տրամադրվող գումարը գալիք տարվանից կավելանա շուրջ 43 մլն դրամով: Հունվարի 1-ից այդ խմբերում ընդգրկված քաղաքացիները նախկին 16 հազարի փոխարեն կստանան մոտ 42 հազար դրամ: «Եկամտահարկի մասին» օրենքի կիրարկմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում՝ նույնականացման քարտերի տրամադրման գործընթացի վերաբերյալ: Որոշման համաձայն՝ հարկային պետական ծառայությունը մինչև դեկտեմբերի 1-ը պետք է ոստիկանությանը ներկայացնի հարկային գործակալ չհանդիսացող գործող անհատ ձեռնարկատերերի ցուցակը, որպեսզի մինչև 2015թ. մարտի 1-ն անհատ ձեռնարկատերերն ունենան նույնականացման քարտերը: Պետական տուրքի գումարը և էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման վարձավճարը 2015 թվականի համար կվճարվեն պետական բյուջեի միջոցներից: Կառավարությունը հաստատել է աշնանացանի աշխատանքների իրականացման նպատակով ձեռքբերվելիք դիզվառելիքի արժեքի մասնակի սուբսիդավորման կարգը: Սահմանված կարգով՝ սուբցիդավորումն իրականացվելու է համայնքային վարչական սահմաններում գտնվող հողերի՝ 1հա դիմաց 60լ, պետական պահուստային ֆոնդի հողերի՝ 1հա դիմաց 40լ հաշվարկով՝ 1լ դիմաց 100 դրամի չափով: Մասնակի սուբսիդավորվելու է նաև «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 2014թ. արտադրված սերմացուի արժեքը: Գործադիրն այսօրվա որոշմամբ հաստատել է Մարտունու շրջանի Վերին ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման 2014 թվականի ծրագրում Բերդաշեն համայնքն ընդգրկելու առաջարկը: Այդ նպատակով ավելացվելու է ենթաշրջանային ծրագրի համար հատկացված գումարը: Կառավարությունը որոշում է ընդունել նաև ԼՂՀ-ում արտադրվող ակցիզային հարկման ենթակա ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար 2014 թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները կիրառության մեջ դնելու մասին:

Նմանատիպ նյութեր