Մոսկվան ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի ընտրությունները, Եվրամիությունը՝ ոչ
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասված է, որ Մոսկվան Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում անցկացված ընտրությունները կայացած է համարում, հաղորդում է Rosbalt.ru-ն:
Հայտարարության մեջ նշված է նաև, որ ընտրություններն ընդհանուր առմամբ կազմակերպված են անցել և ընտրողների բարձր մասնակցությամբ:
«Մենք հարգում ենք Ուկրաինայի արևելքի բնակիչների կամքը: Ընտրված ներկայացուցիչները այդ շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար ստացան գրեթե բոլոր խնդիրները լուծելու մանդատը»,-նշված է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ Եվրամիության արտաքին դիվանագիտության նորանշանակ ղեկավար Ֆրանչեսկա Մոգերինը հայտարարել է, որ նոյեմբերի 2-ի ընտրություններն անօրինական են. «Ես գտնում եմ, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունները նոր խոչընոտ են առաջացնելու Ուկրաինայում խաղաղության վերահաստատման ճանապարհին: Քվեարկությունն անօրինական է և ոչ լեգիտիմ, և Եվրոպական միությունը այն չի ընդունում»: