211652_close_icon
views-count831 դիտում article-date 20:48 30-10-2014

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի 25-րդ նիստը

Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին` ծննդյան 85 ամյակի կապակցությամբ` մաղթելով առողջություն և ամենայն բարիք: ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացումն ապացուցում է համագործակցության ամրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը: Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական շփումներն իրենց դարավոր պատմությունն ունեն: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային հարաբերությունների հատուկ նշանակությունը: Մեր երկրների միջև միջխորհրդարանական հարաբերությունները համագործակցության կարևոր բաղադրիչ են,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա իր խոսքում նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովը խորհրդարանական երկխոսության զարգացման կայուն հարթակ է: Գլոբալ տնտեսական և քաղաքական ճգնաժամային իրավիճակի սրման պայմաններում Եվրասիական գոտու երկրների միջև ամրապնդվող փոխգործակցությունը հնարավորություն կտա արդյունավետ լուծել տարբեր խնդիրներ: Այս համատեքստում ևս խորհրդարանական բաղադրիչը կարևոր է ինտեգրացիոն հարցերին առնչվող հետագա քայլերի մշակման համար: Պարոն Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանը շարունակական քայլեր է ձեռնարկում տնտեսության օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաև սոցիալական ու քաղաքական, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ճանապարհին միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը մեծապես կնպաստի միջպետական և միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակի էլ ավելի բարձրացմանը,- ասել է նա: Նիկոլայ Ռիժկովը շնորհավորել է Հայաստանին` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առիթով և շնորհակալություն հայտնել հայկական կողմին` միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու համար: Նա նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սա առաջին նիստն է: ՙԵրկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը կօգնի քննարկելու համագործակցության հետագա հեռանկարները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Անդրադառնալու ենք նաև տնտեսական ինտեգրման ճանապարհին խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքներին, ԵՏՄ-ում երկու երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հետ կապված հարցերին և տրանսպորտային առկա խնդիրներին՚,-ասել է Նիկոլայ Ռիժկովը: Նա վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի 25-րդ նիստը կլինի կառուցողական և կբխի երկու երկրների ազգային շահերից: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական ինտեգրման հարցում համագործակցությանն ուղղված խնդիրներն ակտիվորեն քննարկվում են: Տնտեսության զարգացման արդյունավետ ուղիների որոնման խնդիրը մեր ժամանակների կարևորագույն հարցերից մեկն է: Նա նշել է նաև, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը թույլ է տալիս խուսափել մի շարք խնդիրներից և կառուցել համագործակցության այնպիսի համակարգ, ինչը անդամ բոլոր երկրներին զարգանալու հնարավորություն կտա: Նա նշել է, որ Եվրասիական ինտեգրման մասին խոսելիս պետք է հստակ տիրապետել հիմնարար սկզբունքներին: Առաջին հիմնարար սկզբունքը տնտեսական պրագմատիզմն է: Եվրասիական ինտեգրումը, նրա դիտարկմամբ` հիմնված է փոխշահավետ համագործակցության և աշխարհաքաղաքական գաղափարների փոխանակման վրա: Հաջորդ սկզբունքն այն է, որ անդամ երկրները պետք է ներկայացնեն իրենց շահերն ու դիրքորոշումները: ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում քննարկվել են զեկույցները, որոնք նույնպես ուղղված էին ԵՏՄ-ին անդամակցելուն և այդ դաշտում հետագա անելիքներին:

Նմանատիպ նյութեր