211652_close_icon
views-count1187 դիտում article-date 11:54 30-10-2014

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի հիշատակության օրը

Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347 թվականին Անտիոքում: Իր հիմնավոր ուսումը ստացել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, և ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Նա դեռ երիտասարդ՝ իրեն նվիրել է ճգնողական կյանքին: 381 թվականին Մելետիոս Անտիոքացու կողմից ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին Փլաբիանոսի կողմից` քահանա: Այս ընթացքում սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին: 398 թվականին, հակառակ իր կամքի, ընտրվում է Կ.Պոլսի պատրիարք և եռանդով ու նախանձախնդրությամբ ձեռնարկում մայրաքաղաքի բարեկարգումը, որ հեռացած էր քրիստոնեական կենցաղից և ապրում էր անբարո ու վեճերով լի կյանքով: Ապականությունն ու կրոնական անտարբերությունը բույն էին դրել թե հասարակ ժողովրդի, թե արքունիքի ու հոգևորականության մեջ: Իսկ Ս. Հովհան Ոսկեբերանը կշտամբում էր ամեն տեսակ անբարոյականություն, ինչի պատճառով էլ իր վրա հրավիրում է Եվդոքսիա կայսրուհու զայրույթը: Սուրբ Հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, ով ձգտում էր Կ.Պոլսի պատրիարք դառնալ: 403 թվականին եկեղեցական ժողովը 29 անհիմն ամբաստանություններով սրբին աքսորելու հրաման է արձակում, սակայն աքսոր մեկնելու գիշերն այնպիսի ահավոր երկրաշարժ ու հրդեհներ են լինում, որ կայսրուհին ետ է կանչում նրան իր աթոռը: Ս. Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները: Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության` Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում: Սուրբ հայրապետն աքսորվում է Պոնտոս և նահատակվում 407 թվականին, Կոմանա քաղաքում: Նրա արտասանած վերջին բառերն են. «Փառք քեզ, Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ»: 438 թվականին, սրբի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ.Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում: Բազմաժանր է նրա մատենագրական վաստակը` մեկնություններ, ճառեր, ներբողներ, թղթեր և այլն, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողել քրիստոնեական մտքի պատմության վրա: Նրա գործերը թարգմանվել են հայերեն դեռևս իր կենդանության օրոք:

Նմանատիպ նյութեր