211652_close_icon
views-count8998 դիտում article-date 12:41 29-10-2014

Կապանում քաղաքապետին սպասարկող ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 27-ին Կապան քաղաքում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:40-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած «փակ գանգուղեղային վնասվածքմ գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Հ. Սարգսյանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ա. Ոսկանյանի գլխավորությամբ պարզել են, որ երեխան հանդիսանում է Կապան քաղաքի բնակիչ, 10-ամյա Սամվել Մեժլումյանը: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Կապանի Դավիթ Բեկ 5/14 հասցեի բնակիչ, 39-ամյա Ալեքսան Հալիվորյանը, վարելով Mercedes մակնիշի 777 ԼԼ 87 համարանիշի ավտոմեքենան, Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Ս. Մեժլումյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հալիվորյանն աշխատում է՝ որպես Կապանի քաղաքապետի վարորդ: Կապանից ստացված տեղեկություններով՝ վարորդը եղել է քաղաքապետը, սակայն ոստիկանության և հիվանդանոցի մեր աղբյուրները հայտնում են, որ քաղաքապետը վրաերթի պահին նույնիսկ ավտոմեքենայի մեջ չի եղել և, իմանալով դեպքի մասին, շտապ մեկնել է հիվանդանոց: Նշված տեղեկությունը կհերքվի կամ կհաստատվի քննության ընթացքում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր