211652_close_icon
views-count1069 դիտում article-date 20:17 23-10-2014

Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետերի կողմից մեղադրանք է առաջադրվել 11 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետերի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա հոկտեմբերի 20-ին մեղադրանք է առաջադրվել Երեւանի բնակիչ Ա. Մամյանին՝ ՀՀ Վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ աշխատելու ժամանակահատվածում պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Քննությամբ պարզվել է, որ նա, 2009թ. հուլիսից մինչեւ 2012թ. հոկտեմբերն աշխատելով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ, նույն ծառայության պետի առաջին տեղակալի դրդմամբ, նշված ժամանակահատվածում կատարել է պաշտոնեական կեղծիք։ Մասնավորապես՝ իր ղեկավարած ստորաբաժանման աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում ընդգրկել է նաեւ փաստացի ծառայություն չիրականացրած 7 անձի անուն, որից հետո իր ստորագրությամբ հաստատել վերը նշված կեղծ տեղեկագրերն ու դրանք ներկայացրել անձնակազմի կառավարման բաժին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով։ Այսպիսով՝ նշված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը դարձավ 11։ Հիշեցնենք, որ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի եւ նույն հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիքներ եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության մի խումբ պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2009թ. օգոստոսից մինչեւ 2013թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով, հափշտակել են հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի գումար։ Խմբի կազմում հափշտակություններ կատարելու վերաբերյալ 13 մեղադրյալների մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան եւ ներկայումս Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատաքննությունը: Միաժամանակ, գործից անջատվել է առանձին վարույթ, որի շրջանակներում շարունակվում է դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետերի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու եւ մյուս դրվագներով նախաքննությունը:

Նմանատիպ նյութեր