1333 դիտում
20:04 23-10-2014
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:
Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ է
նշանակվել Ալվինա Գյուլումյանը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «Սահմանադրական
դատարանի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ անդամը պաշտոնը
ստանձնում է ՀՀ Աժ նիստում տրված երդումով:
Ալվինա Գյուլումյանը հանդես է եկել երդման տեքստով, որում մասնավորապես
ասվում է. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը` Հայաստանի
Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության
գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ անդամի կոչմանը»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Ալվինա
Գյուլումյանին եւ հաջողություններ մաղթել նրան:
Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ կառավարության
ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող
գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթի առաջին
ընթերցմամբ քննարկումը:
Օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորները շարունակել են ներկայացնել իրենց
տեսակետները:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկել է հստակորեն առանձնացնել սահմանամերձ
եւ սահմանապահ գյուղերը, եւ բացի հարկային արտոնություններից, տալ նաեւ
որոշակի սոցիալ-տնտեսական աջակցություն:
Արաիկ Հովհաննիսյանը կարեւորել է օրենքի նախագիծը` նշելով որ, սահմանամերձ
շրջանները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Դրա
մասին են վկայում, ըստ պատգամավորի, նախագահի, վարչապետի, պատգամավորների
հաճախակի այցերը սահմանամերձ շրջաններ:
Կորյուն Նահապետյանը ողջունել է սահմանամերձ համայանքներին հարկային
արտոնություններ տալու կառավարության նախաձեռնությունը: Նա առավել կարեւորել է
նախաձեռնությունը երկրի պաշտպանության եւ անվտանգության համատեքստում:
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է սահմանամերձ գյուղերի դերն ու նշանակությունը,
քանի որ ըստ նրա` այդ համայնքներն ունեն ռազմավարական նշանակություն:
Անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը` նա նշել է, որ օրենքի նախագծով
ամբողջությամբ չեն լուծվում սահմանամերձ համայնքների խնդիրները:
Հրանտ Բագրատյանը նկատել է, որ թեեւ օրենքի նախագծի որոշ դրույթներ ընդունելի
է համարում, սակայն խնդիրն, ըստ նրա, կարելի էր լուծել կառավարության
որոշումով:
Անդրադառնալով սահմանամերձ համայնքներում մատուցվող ծառայություններին`
պատգամավորը նշել է, որ պետք է դրանց գները իջեցնել:
Ըստ Գուրգեն Արսենյանի՝ հարկային արտոնություններն անհրաժեշտ է դարձնել
հասցեական: Պատգամավորն ընդհանուր առմամբ՝ ՀՀ կառավարության նախաձեռնությունը
դրական է գնահատել:
Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նկատել է, որ
նախաձեռնության վերաբերյալ տեղի են ունեցել ակտիվ եւ շահագրգիռ քննարկումներ,
ինչն օրինաչափ է: Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ հրաշալի է, որ սահմանամերձ
համայնքների թեման հատուկ վերաբերմունքի է արժանացել ԱԺ բոլոր
խմբակցությունների, ինչպես նաեւ կառավարության ներկայացուցիչների կողմից: ԱԺ
փոխնախագահը նկատել է, որ ելնելով ազգային անվտանգության սպառնալիքից , կարիք
կա առավել նախաձեռնողական եւ ակտիվ վերաբերմունք դրսեւորել այդ ոլորտում:
Անդրադառնալով այն պնդումներին, որ նախագիծը ներկայացվել է փաթեթով, որտեղ
ընդգրկված հարցերը որեւէ կապ չունեն սահմանամերձ համայնքների հետ, տիկին
Նաղդալյանը նշել է, որ փաթեթն ընդամենը մեկ ուղղության է վերաբերում՝ հարկային
արտոնությանը, որի նպատակադրումները կարեւոր են:
Փոխնախագահի խոսքով` օգոստոսյան դեպքերից հետո, ակնհայտ է դարձել, որ
սահմանային գոտու համայնքներն իսկապես վերածվել են յուրատեսակ սահմանապահների:
Եվ կարեւոր է, որ խորհրդարանում եւ կառավարությունում քննարկվել են մի շարք
համալիր խնդիրներ, որոնք կարեւոր են սահմանամերձ գյուղերի համար ` տնտեսության
հարկային բեռ, գործունեության ազատականացում, սոցիալական վիճակ,
անվտանգություն, կենցաղ, կրթություն:
«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար
Թեւան Պողոսյանը: Խոսելով գյուղական համայնքների խնդիրներից` նա ներկայացրել է
իր դիտարկումները եւ անդրադարձել նախատեսվող հարկային արտոնություններին,
վճարներին, սահմանամերձ համայնքների պաշտպանության խնդիրներին:
Նրա խոսքով` սահմանամերձ համայնքներում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի
ծրագրեր, որոնք մարդկանց կխրախուսեն այնտեղ բնակվելու: Նա առաջարկել է
փոխհատուցել հողի հարկը եւ գույքահարկը: Պատգամավորի խոսքով` պետք է
կազմակերպել ներգաղթ, որի արդյունքում բնակչությունը կավելանա եւ կզարգանա
տնտեսությունը:
Ներկայացնելով ՕԵԿ խմբակցության տեսակետը՝ Մհեր Շահգելդյանը նշել է, որ քանի
որ սահմանամերձ բնակավայրերում ռիսկային է գործարարություն իրականացնելը,
ուստի անհրաժեշտ է ստեղծել ռիսկերի ապահովման հիմնադրամ: Խմբակցության
քարտուղարը սահմանամերձ գյուղական համայնքներում կարեւորել է համակարգային
բարեփոխումների անհրաժեշտությունը, սոցիալական պաշտպանության մեխանիզմների
ընդլայնումը:
ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ
խմբակցությունը դրական է գնահատում օրենսդրական նախաձեռնությունը՝ որոշակի
վերապահումներով եւ նկատառումներով: Պարոն Մինասյանի կարծիքով՝ քննարկումների
արդյունքում ակնհայտ է դարձել, որ սահմանամերձ այլ բնակավայրերի եւ բնակիչների
կողմից ընդունելի լինելու համար անհրաժեշտ է օրենքով ամրագրել սահմանապահ
բնակավայր հասկացությունը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ «Սահմանամերձ գյուղական
համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին»
օրինագիծը պետք է ներկայացվի առանձին: Պարոն Զուրաբյանն անդրադարձել է նաեւ
սահմանամերձ համայնքների բնակիչների հիմնախնդիրներին:
ԲՀԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը: Նա նշել է,
որ խմբակցությունը կողմ է սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու
քաղաքականությանը, սակայն մտահոգված է արտոնություններ տալու վարչարարության
վերաբերյալ:
Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ
կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն ընդունելի է բոլոր
քաղաքական ուժերի կողմից, սակայն բոլոր առաջարկները հնարավոր չէ համատեղել:
Պարոն Բաղդասարյանը ներկայացրել է խմբակցության առաջարկները, այն է՝
հստակեցնել սահմանամերձ այն համայնքների ցանկը, որոնք օգտվելու են հարկային
արտոնություններից, սահմանել սահմանամերձ եւ սահմանապահ համայնքներ
հասկացությունները եւ այլն: Պարոն Բաղդասարյանը նշել է, որ խմբակցությունը
ողջունում է օրենսդրական նախաձեռնությունը եւ հույս հայտնել, որ
պատգամավորների մտահոգությունները մոտ ապագայում կդառնան քննարկման առարկա:
Եզրափակիչ ելույթում Վարդան Այվազյանը եւ Վախթանգ Միրումյանը անդրադարձան
պատգամավորների ելույթներում հնչած հարցադրումներին եւ տվեցին պարզաբանումներ:
Ըստ Վարդան Այվազյանի՝ կառավարությունը ռիսկային մեծ բեռ է վերցնում՝ փորձելով
սահմանամերձ բնակավայրերում թեթեւացնելու հարկային բեռը եւ բարձրացնելու
տնտեսական ակտիվությունը: Վախթանգ Միրումյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն
ընդունում է պատգամավորների հնչեցրած այն առաջարկը, որ պետք է տարանջատել
փաթեթը՝ առանձնացնելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող
գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը: Ըստ փոխնախարարի՝
առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո կառավարությունը երկրորդ ընթերցմամբ
քննարկման կներկայացնի առանձին փաթեթ:
Այնուհետեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ
քննարկման է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն
կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է օրենքի
12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ օրենքի 12-րդ հոդվածով
սահմանված՝ ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի
տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի փետրվարի
1-ը ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի
վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց
հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի
ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք:
Ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ
օրը եւ տարածվելու է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած կամ ծագող
հարաբերությունների վրա:
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական
եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստում:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրն առաջին ընթերցմամբ
քննարկված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը
հարկերից ազատելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ
նախատեսող օրենսդրական փաթեթը:
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:
Նմանատիպ նյութեր
982 դիտում
22:16 13-11-2014
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
2849 դիտում
21:30 09-06-2016
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը
3356 դիտում
10:23 07-02-2018
Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
562 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
838 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել