Նախագահն ընդունել է ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:
Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 16 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Հաշվի առնելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և բուհական տեխնոլոգիական կրթական համակարգում ունեցած մեծագույն ավանդը, ինչպես նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության 10-ամյակի կապակցությամբ «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Չի-Ֆուն Չանը ևս արժանացել է ՀՀ Նախագահի կրթական պարգևին:
Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել հաջողություններ: