211652_close_icon
views-count503 դիտում article-date 14:32 13-10-2014

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սերբիայի Հանրապետության նախագահին

Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի: Ողջունելով Սերբիայի նախագահի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց միջպետական հարաբերությունների առավել խորացման ու զարգացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի առնչությամբ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ նախագահի այցն ամրացնում է երկու ժողովուրդների բարեկամության և երկու պետությունների գործակցության հիմերը: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ու Սերբիայի Հանրապետության նախագահն անդրադարձան երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին և հոգևոր ընդհանրություններին: «Աշխարհագրորեն թեպետ մենք փոքր-ինչ հեռու ենք միմյանցից, սակայն դավանվող արժեքների առումով մենք միևնույն արժեհամակարգի կրողն ենք», - ասաց Նորին Սրբությունը: Խոսվեց նաև հայ և սերբ ժողովուրդների պատմության մեջ արձանագրված ողբերգական էջերի մասին: Այս առնչությամբ Հայոց Հայրապետը նշեց. «Տառապանքներ և փորձություններ տեսած ժողովուրդ ենք մենք, սակայն քրիստոնեական հավատը մեզ զինել է լավատեսությամբ և հույսով, ինչը հատուկ է նաև սերբ ժողովրդին»: Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ պատմության ընթացքում Հայ Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների միջև ձևավորված սերտ հարաբերություններն այսօր ևս շարունակվում են նույն ջերմությամբ ու եղբայրական ոգով: Նորին Սրբությունն եղբայրական իր ողջույնները փոխանցեց Սերբ Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետ Իրենեոս Պատրիարքին` վստահություն հայտնելով, որ վերջինս ընդառաջ հրավերին 2015 թ. իր մասնակցությունը կբերի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն Աստծու օգնականությունը հայցեց Սերբիայի նախագահին` քաջեռանդ իրագործման առաջնորդելու ժողովրդի իղձերն ու երազները, այլև մաղթեց, որ սերբ ժողովուրդը զորանա իր հավատի ու լավատեսության մեջ` հաղթահարելու իր առջև ծառացած բոլոր դժվարությունները: Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն ու նրան ուղեկից պատվիրակությունը եղան Մայր Տաճարում, այցելեցին Տաճարի թանգարան:

Նմանատիպ նյութեր