ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Սերբիայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Սերբիայի
Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ
արձանագրել է, որ հայ-սերբական հարաբերությունները հիմնված են բազմամյա
բարեկամության վրա, ինչի մասին են վկայում նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած
բարձրաստիճան փոխայցելությունները: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների
միջեւ նկատվող ակտիվ շփումները մեծապես կնպաստեն հայ-սերբական բազմակողմ
հարաբերությունների առաջընթացին: Պարոն Սահակյանը հայ-սերբական
հարաբերությունների ընդլայնման հարցում կարեւորել է երկու երկրների
խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու
փոխայցելությունները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ
Հայաստանի իշխանությունները ձգտում են ԼՂ հակամարտությունը լուծել ԵԱՀԿ Մինսկի
խմբի շրջանակներում, որը միակ ձեւաչափն է՝ երաշխավորված միջազգային հանրության
կողմից: Այս համատեքստում նա կարեւորել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը:
Գալուստ Սահակյանը, հիշեցնելով, որ գալիք տարում լրանում է Հայոց
ցեղասպանության 100-ամյա տարելիցը, նշել է, որ Հայաստանը շարունակելու է
հետամուտ լինել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, քանզի մարդկության դեմ
ուղղված նման ոճիրներն անպատժելի թողնելը նույնն է, ինչ թույլ տալ դրանց
կրկնությունը:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է միջազգային կառույցներում համագործակցության եւ
փոխշփումների ակտիվացման անհրաժեշտությունը միմյանց դիրքորոշումներին
ծանոթանալու առումով, ինչը, պարոն Սահակյանի համոզմամբ, զերծ կպահի
քվեարկությունների ժամանակ տեղի ունեցող թյուրիմացություններից:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ
առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը եւ այս կապակցությամբ
գոհունակությամբ նշել ընթացիկ տարվա մարտին կայացած հայ-սերբական առաջին
գործարար համաժողովի մասին: Պարոն Սահակյանն անհրաժեշտ է համարել նաեւ
հայ-սերբական միջմշակութային կապերի աշխուժացումը, ինչը, նրա կարծիքով,
կնպաստի երկու ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սերբիայի Նախագահ
Տոմիսլավ Նիկոլիչն ընդգծել է, որ Հայաստանում իրեն զգում է գրեթե իր հայրենի
քաղաքում՝ Բելգրադում: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացման
անհրաժեշտությունը բոլոր մակարդակներում, բարեկամական խմբերի
փոխայցելությունները: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ նա ընդգծել է, որ
Արցախի հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում,
մադրիդյան սկզբունքների հիման վրա: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է զարգացնել
համագործակցությունը նաեւ տնտեսության ոլորտում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն
ունեցող այլ հարցերի:
Հանդիպման ավարտին Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը գրառում է կատարել ԱԺ
Պատվավոր հյուրերի գրքում, որից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի
ուղեկցությամբ շրջայց է կատարել Ազգային ժողովի շենքում, եղել է նիստերի
դահլիճում: